Նոր նախագիծ՝ ժառանգության վերաբերյալ կարգավորումները փոխելու առաջարկով

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարել։

Նախատեսվում է սահմանել, որ ժառանգության նկատմամբ կկիրառվի այն պետության իրավունքը, որի քաղաքացին է ժառանգատուն, եթե կտակարարը կտակում չի ընտրել այն պետության իրավունքը, որտեղ ժառանգատուն ունեցել է վերջին բնակության վայր:

Օրենսգրքի 1292-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ պետական արդյունավետ հովանավորություն տարածելու անհրաժեշտությամբ: Խնդրո առարկա հոդվածում տարբերակում չի դրվում Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների քաղաքացիների նկատմամբ ժառանգական իրավունքի կիրառման հարցում:

«Սակայն անհրաժեշտ է ամրագրել այն կանխավարկածը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ժառանգության նկատմամբ պետք է կիրառվի Հայաստանի Հանրապետության իրավունքը, եթե այլ պետության իրավունքի կիրառման վերաբերյալ ուղղակիորեն նշում չկա կտակում:

Գործող տրամագծորեն հակառակ կանխավարկածը 1998 թվականին ընդունված օրենսգրքի հիմքում ընկած ԱՊՀ մոդելային օրենսգրքի ադապտացիայի հետեւանքն է, որը միջազգային մասնավոր իրավունքի ասպարեզում քաղաքացիական օրենսդրության այլ փիլիսոփայություն է ունեցել, այդ թվում՝ եղել է նախորդ՝ Խորհրդային Միության քաղաքացիական օրենսդրության անուղղակի ազդեցության տակ: Այս մոտեցումը չի համընկնում ժամանակակից հայկական միջավայրում առկա առանձնահատկությունների հետ, քանի որ մեր պարագայում մեր քաղաքացիներն ավելի մեծ քանակությամբ են մշտական կամ ժամանակավոր կացություն հաստատում այլ երկրներում, ձեռք բերում շարժական եւ անշարժ գույք՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը եւ շարունակելով Հայաստանի Հանրապետությունում ունենալ շարժական եւ անշարժ գույք:

Նման պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ժառանգության նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավունքի առաջնահերթության կանխավարկածից հրաժարվելն առնվազն անտրամաբանական է:

Ավելին, գործող կարգավորման պայմաններում ստացվում է, օրինակ, մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իր կյանքի վերջին հատվածն ապրելով այլ պետությունում եւ այդ պետությունում ունենալով շարժական եւ անշարժ գույք, եթե իր կտակում չի նշում, որ իր գույքի նկատմամբ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում առկա) տարածվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը, կամ կտակ ընդհնարապես չի գրում, ապա նրա ամբողջ գույքի նկատմամբ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում առկա) գործում է այլ պետության իրավունքը:

Բնակչության հոսունություն ունեցող պետություններում եւ հատկապես՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային իրավունքի առաջնահերթությունը պետք է արտահայտված եւ ընդգծված լինի ամբողջ օրենսդրությունում, ինչը նաեւ ապահովում է իրավունքի դաստիարակչական գործառույթի իրականացումը, եւ Հայաստանի Հանրապետությունում առկա Հայաստանի Հանրապետության քաղաքացու գույքը զերծ է պահում այլ պետությունների իրավունքի ներգործությունից: Իսկ եթե ինքը՝ քաղաքացին, այլ կերպ ցանկանա, այդ պայմաններում պետք է գործի այլ պետության իրավունքը:

Այս մոտեցումը որդեգրված է զարգացած իրավունքի ավանդույթներ ունեցող շատ պետություններում, որոնք արժեւորում են սեփական քաղաքացիների եւ նրանց գույքի նկատմամբ սեփական իրավունքի տարածման առաջնահերթությունը»,-նշել են հեղինակները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել