Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը: Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` այսօր ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը նախորդ օրվա համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա, իսկ շտապ օգնության կանչերը՝ այս հիվանդությունների առումով նվազել են:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Չնայած իրավիճակը կայունանում է, սակայն հատկապես Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված: Բուժում ստացողների 91․7%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են:
Դրական շարժընթաց է դիտվում նաև կրթական հաստատություններում` շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով. եթե փետրվարի 17-ին բացակայությունները կազմում էին 7,1%, ապա այսօր` 4.4% է: Ինչպես գիտեք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Փետրվարի 20-ին 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝ Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 142, իսկ մարզերում՝ 209 երեխա:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա H1N1 ենթատեսակի (դիտվում է նահանջ), եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում է.
- պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և
- մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- հագնվե´ք եղանակին համահունչ,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք անձնական հիգիենային։