Իրավապահ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ են ձևավորել, իսկ հիմա խոսում են սպայի պատվից․ Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ փետրվարի 14-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ իր մասին մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, որում նշվում էր, որ նախարարը կենսագրական տվյալներ է թաքցրել և չի նշել, որ իրեն մեղադրանք է առաջադրված եղել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ» և նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներումով։

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, եթե որևէ դատվածություն մարված է, տվյալ անձը դատված չի համարվում։ Խոսենք այն հարցի մասին, որը ունի մոտ մեկուկես տասնամյակի վաղեմություն, և որը փորփրելով, մեր շատ սիրելի գործընկերները, փորձել են իմ կյանքի վատ կամ մրոտ տեղերը գտնել»,-իր խոսքը սկսեց նախարարը։

Սուրեն Պապիկյանը նշեց, որ իր ծառայությունն անցել է ոչ հայկական բանակում, որի ընթացքում, որոշ խնդիրներ է ունեցել․ խոսքը վերաբերում է 2004-2006 թվականներին։ Նա չնշեց ոչ զորամասը, ոչ էլ՝ տարածաշրջանը։ Սուրեն Պապիկյանի խոսքով, հրապարկմամբ փորձում են իրեն ներկայացնել որպես օրինազանց զինծառայող՝ դա կապելով նաև օրերս հայկական բանակում տեղի ունեցող իրադարձությունների հետ։

«Նշեմ, որ իմ ծառայության ընթացքում ես աչքի եմ ընկել իբրև լավ զինվոր, եղել եմ սահմանապահների գերազանցիկ, արժանացել եմ նույնիսկ այդպիսի խրախուսանքի, պատիվ, առիթ եմ ունեցել, որպես լավ զինվոր, զինվորական «զնամիայի» հետ նկարվել, ինչը խոսում է այն մասին, որ ես եղել եմ օրինապահ զինվոր։ Սակայն եղել է մի դեպք, միջադեպ, երբ իմ ազգային արժանապատվությանը վնասող, հարվածող, իմ ինքնասիրությանը, իմ ազգային պատկերացումներին որևէ կերպ հարված է հասցվել և ես հայտնվել եմ մի միջադեպում։ Ընդ որում, սուր ծակող-կտրող գործիքների միջոցով ինչ-որ բաների մասին են գրում, որն իրականությանը չի համապատասխանում, ես որևէ նման արարք չեմ արել, իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է, և ես որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել, դրանով էլ համարվել է մարված իմ դատվածությունը»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել շուրջ 14 տարի առաջ, և այդ էջը իր կյանքում փակված է։ Դրանից հետո նա աշխատել է նաև մանկավարժական գործունեությամբ, այդ ոլորտում ևս աչքի ընկնելով որպես լավ մասնագետ։ Այնուհետև սկսել է զբաղվել քաղաքականությամբ՝ իր կյանքը նվիրելով հայրենիքի զարգացմանը, ինչի համար տարվող աշխատանքում կանգ չի առնելու, ՀՀ քաղաքացու ծառան է ու երկրի զինվորը։

«Սա անձնական, գաղտնի ինֆորմացիա է և ոստիկանության հատուկ բաժնում է սա պահվում, այս ինֆորմացիայի հասանելիությունը կարող է լինել միայն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին և նաև տվյալ անձի համաձայնությամբ որևէ մեկին տրամադրելու պայմաններում։ Ես այստեղ ուզում եմ արձանագրել, որ իրավապահ շրջանակների տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, փոխանակ զբաղված լինեին հեղափոխական շրջանով, ՀՀ-ն թալանող, հայ ժողովրդին տարիներ շարունակ ունեզրկող, անարգողներին ու նրանց հանցագործությունները բացահայտելու գործին, զբաղված են եղել ՀՀ պետական պաշտոնյաների՝ իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով։ Սա անընդունելի է և տվյալ անձիք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից»,-ասաց Սուրեն Պապիկյանը։

Նա դիմեց ՀՀ ԱԱԾ պետին, ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ու՞մ ձեռքով ու ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը կեղտոտելու, մրոտելու առիթ։

Նախարարը չմոռացավ նաև շնորհավորել սիրահարներին՝ սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ։

https://www.facebook.com/papikyan.suren/videos/591290708117307/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել