Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 24-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, 97 կողմ և 18 դեմ ձայների համամասնությամբ ընդունել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:
Նախագծի հեղինակը պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն է։ Այս փաթեթվ առաջարկվում է շինությունների սեփականատերերին բազմաբնակարան շենքի օրենքով սահմանված պարտադիր, ինչպես նաև հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ իր բանկային հաշվին:
Իրավակարգավորման ընդունման հիմնավորման մեջ նշվում է, որ այսպիսով կբարձրանա համատիրության անդամների պատասխանատվությունը և կստեղծվի հանրային միջոցների արդյունավետ բաշխման համակարգ: Ըստ հեղինակի՝ փոփոխությունները միտված են նաև շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումների գործընթացի արդյունավետությանն ու թափանցիկությանը: