Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է «Արմաթ» լաբորատորիաների խնդրին։ Նա նշել է, որ այդ հարցն այժմ ընդհուպ քաղաքական շահարկումների տեղիք է տվել։
«Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել հետևյալը. ուրեմն, «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում սկսվել է 2014 թվականին: 2014-2017 թվականներին «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը ֆինանսավորվել է 188 մլն դրամ, ուշադրություն դարձրեք թվերին՝ 2014-2017 թվականներին ֆինանսավորվել է 188 միլիոն դրամ պետական բյուջեից:
2018 և 2019 թվականներին պետական բյուջեից ֆինանսավորվել է 1 մլրդ 296 մլն դրամ, այսինքն՝ 3 տարվա ընթացքում 188 մլն դրամ, 2 տարվա ընթացքում՝ 1 մլրդ 296 մլն դրամ, ընդ որում՝ սրա մեծ մասը այդ թվում պետական բյուջեի հավելյալ հավաքագրված եկամուտներից: Հաջորդը՝ մինչև հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում եղել է, բացվել է՝ էլի 3 տարվա ընթացքում 220 ինժեներական լաբորատորիա, հեղափոխությունից հետո բացվել է 355 «Արմաթ» լաբորատորիա, և այսօր մարդիկ մեզ մեղադրում են: Այսինքն՝ մենք տարիուկեսում կրկնակիից ավելի ենք բացել, կրկնակի աճել է թիվը, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ տասը անգամ, և մե զ այսօր մեղադրում են, որ մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում: Իսկ ինչո՞ւմն է այդ պրոբլեմը: Պրոբլեմը շատ պարզ բանի մեջ է. մենք հիմա ունենք հանրապետությունում 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից, և մենք ասում ենք հետևյալը՝ մենք այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, և ինչպես կառավարության նիստում հանձնարարել եմ, որ մենք սրանից հետո մինիմումը պետք է անենք, պետք է խուսափենք մեկ անձից գնումներից և պետք է անենք մրցութային կարգով, այդ վերլուծությունների արդյունքում պետք է ձևակերպենք տեխնիկական առաջադրանք և սրանից հետո այդ լաբորատորիաները պետք է իրականացնենք մրցութային կարգով: Այսինքն՝ մենք ասենք, որ այս-այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ և հրավիրում ենք մրցույթի «Արմաթ» կազմակերպությանը, մյուս կազմակերպությանը, և ով կտա մեզ բովանդակություն-գին լավագույն առաջակը, այդ կազմակերպություններն էլ կհաղթեն: Ընդ որում՝ հնարավոր է, որ մենք լոտեր ունենանք և ըստ այդ լոտերի առաջնորդվենք: Սա էլ այդ մի մանիպուլյացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը»,-նշեց նա:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքեց թեմային՝ նշելով․ «575-ի հետ կապված՝ մենք գումարը տվել ենք մեկ կազմակերպության, այսինքն՝ մեկ կազմակերպությունն է այդ ամբողջն արել, որոնցից 284-ը՝ այդ 834 մլն դրամը, որ մենք տվել ենք և իրենք գնում են կատարել և ներդրել են, և մինչև այդ իրականացված ծրագիրը եղել է հետևյալ սկզբունքով. իրենք իրենց միջոցներով, հովանավորների միջոցներով ներդրում են արել, մենք ամբողջությամբ մեզ վրա վերցրել ենք աշխատավարձային ֆոնդը: Բայց իրականացրել է ամբողջությամբ «Արմաթ» լաբորատորիան»։
Վարչապետի խոսքով, այդ վիճակագրությունն արդեն ամեն ինչ ցույց է տալիս։ «Ես չեմ հասկանում՝ այդ ովքե՞ր են, որ մեզ մեղադրում են, որ մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված դպրոցների տեխնոլոգիական առաջընթացին խոչընդոտում ենք: Այս թվերը թող իրենք հրապարակեն, որից հետո միայն էժան շահարկումների դաշտ մտնեն:
Հաջորդը՝ 2 լուր. «Միջազգային ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում: 2019 թվականի արդյունքներով Հայաստանն ստացել է 5.54 միավոր՝ նախորդ 4.79 միավորի փոխարեն և 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ նախորդ 103-րդ տեղի փոխարեն 167 երկրների շարքում զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը: Այսպիսով, մենք կարող ենք արձանագրել, որ միջազգային ինդեքսների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը, ընդ որում՝ տարածաշրջան ասելով նկատի ունեմ ոչ միայն փոքր, այլև մեծ իմաստով»,-նշեց Նիկթոլ Փաշինյանը։