«Առինջ մոլ» առեւտրի կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով տեղեկություններին, թե առեւտրի կենտրոնում զինվորի համար նախատեսված արտադրանք է վաճառվել:
Պարզվում է՝ գուլպաներն արտադրված են մասնավորի կողմից, ինչի մասին վկայում են գուլպաների պիտակների վրա արված գրառումները. առկա է հասցեն, արտադրողի տվյալները, շտրիխ-կոդը: Բացի այդ՝ գուլպաների վրա չկա «վաճառքի ենթակա չէ կամ արտադրված է ՊՆ պատվերով» գրառում, ինչն արդեն հավաստում է, որ այն զինվորի համար նախատեսված արտադրանք չէ:
«Լրատվամիջոցներում նյութ է շրջանառվում, թե իբր «Առինջ մոլ»-ի տաղավարներից մեկում ապօրինի վաճառվում է զինվորի համար նախատեսված արտադրանք, մասնավորապես՝ գուլպա: Եվ չնայած «Առինջ մոլ»-ի տարածքում գտնվող տաղավարները վարձակալական հիմունքներով տրված են անհատ ձեռներեցներին, այնուամենայնիվ, հարկ ենք համարում հերքել սույն ապատեղեկատվությունը, իրազեկել հանրությանը, որ տվյալ տաղավարում վաճառվող ապրանքատեսակի վրա բացակայում է «վաճառքի ենթակա չէ կամ արտադրված է ՊՆ պատվերով» մակնշումները:
Ապրանքատեսակը պատկանում է մասնավոր ընկերության, որը, ի թիվս այլ ապրանքների, արտադրում է նաև գուլպաներ: Ի դեպ, պիտակի վրա առկա է շտրիխ-կոդ և արտադրողի հասցեն, որն առաջնային պայման է ապրանքի՝ վաճառքի ենթակա լինելու հարցում: Խնդրում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ «Առինջ մոլ»-ի անունն արատավորել փորձող ապատեղեկատվության տարածումից»,- ասվում է «Առինջ մոլ»-ի տնօրինության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է չհայտարարված այց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան, որից հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հայտնաբերել են «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներ: ՄԻՊ աշխատակազմը նշել էր, որ ստուգումների արդյունքներն ուղարկվելու են դատախազություն:
Ավելի ուշ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» ԲՀ-ի անօթեւանների ժամանակավոր կացարանը հայտարարություն տարածեց այն մասին, որ հիշյալ գուլպաներն արտադրված են Հայաստանում գործող ՍՊԸ-ներից մեկի կողմից, եւ, ըստ սեզոնային տեսականու՝ 80-150 ՀՀ դրամ գնով ազատ վաճառվում են «Առինջ մոլ» վաճառքի կենտրոնի համապատասխան տաղավարներից մեկում:a