ՀՀ քրեական և զիվորական վերաքննիչ դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոման Զ.-ի:
Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թ. հոկտեմբեր ամսին անչափահաս Գայանեի հետ, վերջինիս համաձայնությամբ, սեռական հարաբերություն էր ունեցել, մասնավորապես քսանամյա Ռոման Զ.-ն 2012թ. հոկտեմբերի սկզբներին ընկերություն անելու նպատակով ծանոթացել է անչափահաս բնակչուհի` 1998թ. ծնված Գայանե Հ.-ի հետ: Նրանք միմյանց հետ ընկերություն են արել, որից հետո 2012թ. հոկտեմբերի 11-ին` երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, միմյանց հանդիպելով` գնացել են մսուր-մանկապարտեզի մոտ, որի մուտքը շինվերանորոգման աշխատանքների հետևանքով եղել է բաց և մտնելով ներս, նախապես իմանալով, որ Գայանե Հ.-ն 14 տարեկան է, առաջին հարկում գտնվող նստարանների վրա վերջինիս համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության ատյանի դատարանում ամբաստանյալ Ռոման Զ.-ի միջնորդությամբ դատական քննությունն անցկացվել է արագացված կարգով: Դատարանի դտավաճռով Ռոման Զ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և դատապարտել ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, որը նա պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, դատավճռով թողնվել է անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Գործով նախագահող դատավորն է եղել Սամվել Մարդանյանը, մեղադրողը՝ Ներսես Չիլինգարյանը, ամբաստանյալի պաշտպանը՝ հանրային պաշտպան Կարեն Ղալումյանը, տուժողի օրինական ներկյացուցիչը՝ Ալվարդ Անանյանը:
Ռոման Զ.-ի կողմից դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որով ամբաստանյալը քրեական և զինվորական վերաքննիչ դատարանից խնդրել է բեկանել և փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Ռոման Զ.-ի (ՀՀ քր. օր. 141 հոդ. – ազատազրկում 6 ամիս ժամկետով) վերաբերյալ 28.11.2012թ. դատավճիռը և նշանակել ավելի մեղմ պատժատեսակ` տուգանք կամ ՀՀ քր.օր. 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: Գործը գտնվում է դատավոր Արարատ Պետրոսյանի վարույթում, գործով դատաքանության օր է նշանակվել փետրվարի 11-ը:
Իրավաբան.net-ը նախկինում անդրադարձել է այս գործին, որի վերաբերյալ հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածը սահմանում է «Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ» հանցակազմը, ըստ որի տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ՝ սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net