Մորատորիումը պարտատիրոջ պահանջների բավարարման սառեցումն է: Մորատորիում տեղի է ունենում այն դեպքերում, երբ պարտապանին, քաղաքացիական օրենսդրության ընդհանուր պահանջներից անկախ, տրվում է պարտքի վճարման տարաժամկետում: Մորատորիումը սահմանվում է իշխանության կողմից կամ դատական կատով, դրանով իսկ տարբերվում է սովորական պայմանագրային տարաժամկետումից:
Հռոմեական իրավունքի ազդեցությամբ 14-րդ դարում մորատորիումը սկսվեց կիրառվել նաև Արևմտյան Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, որտեղ այդ արտոնությունը կիրառվում էր սնանկացած ազնվականների նկատմամբ: Աստիճանաբար, հատկապես Գերմանիայում այդ արտոնությունը իրավական ձևակերպում ստացավ և ամրագրվեց օրենքով: Ֆրանսիայում այդ արտոնությունը կիրառվել է թագավորի հրովարտակով (lettres de répit): Թեև հետագայում այդ արտոնությունը կիրառելու իրավունքը տրվել է դատարաններին, սակայն այդ դրույթը փաստացի չէր կիրառվում: Գերմանիայում մորատորիումի արտոնությունը կիրառվում էր կայսեր կամ ինքնիշխան կուրֆյուրստների կողմից: Սակայն մորատորիումը, որպես հասարակական անարդարություն, իհարկե, առաջացնում էր ժողովրդի դժգոհությունը, որը հատկապես ուժգնացավ 18-րդ դարում:
Հարկ է նշել, որ մինչև մորատորիումի կիրառման ներմուծումը անվճարունակ պարտապանների նկատմամբ կիրառվում էր ազատազրկում:
ՀՀ օրենսդրությամբ մորատորիում նախատեսվում է, օրինակ, «Սնանկության մասին» օրենքով, որի համաձայն՝ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների. կասեցվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները և այլն:
Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը. արգելվում է պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթի սկսումը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով և այլն:
Մորատորիումը շարունակվում է մինչև տվյալ սնանկության գործի ավարտը:
Մորատորիում նախատեսվում է նաև բանկերի, վարկային կազմակերպությունների սնանկության դեպքում: «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքը սահմանում է, որ ադմինիստրացիա նշանակելու դեպքում Կենտրոնական բանկը` ադմինիստրացիայի ղեկավարի միջնորդությամբ կամ իր հաստատած ծրագրով, իրավունք ունի ադմինիստրացիայի գործողության ամբողջ (կամ անհրաժեշտության դեպքում` կարճ) ժամանակահատվածով սառեցնել բանկի պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Մորատորիումի գործողությունը տարածվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների վրա, եթե Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված չէ, որ մորատորիումի գործողությունը չի տարածվում նշված պարտավորությունների և գործողությունների վրա:
Կան պահանջներ, օրինակ՝ ալիմենտ, գրավով ապահովված պահանջ, քաղաքացիների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետևանքով առաջացած պահանջներ, արձակման նպաստներ և աշխատավարձ, որոնց վրա մորատորիում չի տարածվում:
ՀՀ օրենսդրությամբ մորատորիումի ընթացքում նախատեսվում է նաև հարկային արտոնություն: «Հարկերի մասին» ՀՀ օրենքը որպես հարկային արտոնություն նախատեսում է բանկի կամ վարկային կազմակերպության կողմից հարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների վճարման պարտավորության հետաձգում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի կամ վարկային կազմակերպության պարտատերերի պահանջների սառեցման (մորատորիումի) ժամանակահատվածում:
Եթե օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանվել է պարտավորությունների կատարման հետաձգում (մորատորիում), ապա այդ ընթացքում կասեցվում է նաև հայցային վաղեմության ժամկետը:
Հատուկ մորատորիումից բացի, որոնք որոշվում են քաղաքացիաիրավական նորմերով, հայտնի է մոնատորիումի այլ տեսակ՝ ընդհանուր մորատորիում, երբ երկրի՝ արտակարգ դրության (պատերազմ, համաճարակ և այլն) մեջ գտնվելու պատճառով ժամանակավորապես կասեցվում է պարտավորություններ սահմանող օրենքների գործողությունը, և երկրի բոլոր բնակիչների պարտքերի մարումը հետաձգվում է:
Արփինե Եղիկյան
Աղբյուրը` Իրավաբան.net