«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքն ընդունվե՞լ է խախտումներով

Այսօր ՀՀ ԱԺ շենքի դիմաց տեղի է ունեցել ստոմատոլոգների հավաք: Վերջինիս նպատակն է եղել ստանալ պատասխան և պարզաբանումներ հունվարի 29-ին ԱԺ նախագահին ուղղված նամակի վերաբերյալ:

 

Հավաքի մասնակիցների պնդմամբ՝ բազմիցս հիշատակված օրենքում կատարված փոփոխությունները խնդիր ունեն ՀՀ Սահմանադրության հետ:

 

Իրականում հարկային նման փոփոխությունները կատարվել են օրենքի պահանջների խախտումներով:

 

Այսպես, «Հարկերի մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ հարկի դրույքաչափի փոփոխություն, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները, եթե դրանք պարունակում են հարկ վճարողի գործելու պայմանները խստացնող դրույթներ, ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 օր հետո:

 

Ավելին՝ հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է միայն ֆինանսական տարվա սկզբից, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ Օրենքի 86-րդ հոդվածի համաձայն էլ՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

 

Այս փոփոխությունները ընդունվել են ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից 2012թ-ի դեկտեմբերի 19-ին: Օրենքը Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել և հրապարակվել է 2012թ-ի դեկտեմբերի 28-ին:

 

Հետևաբար «Հարկերի մասին» ՀՀ Օրենքի 8-րդ հոդվածի համապատասխան՝ չէր կարող նշված օրենքը 2012թ-ի հունվարի 1-ից գործողության մեջ դրվեր:

 

Մյուս կողմից այն չէր էլ կարող փետրվարի 1-ից գործողության մեջ դրվել, քանի որ անգամ, եթե 30 օրվա կանոնը պահպանվեր կխախտվեր օրենքի մյուս՝ ֆինանսական տարվա սկզբից գործողության մեջ մտնվելու նորմը:

 

Այսպիսով, եթե անգամ այսպիսի բովանդակությամբ օրենք է ընդունվել և գործողության մեջ դրվել, այն կարող էր լավագույն դեպքում ուժի մեջ մտնել 2014թ-ի հունվարի 1-ից:

 

Մինչդեռ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել