Հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների 339 խախտում է հայտնաբերվել վարչապետի հանձնարարականով անցկացված ստուգումների արդյունքում

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացվել հողերի օգտագործման և պահպանության նկատմամբ։ 

Տեսչական մարմնի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է․ «Հողերի օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և ՀՀ Վարչապետի կողմից համաձայնեցված գրաֆիկի համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից 2019 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում ստուգումներ են իրականացվել ՀՀ Սյունիքի մարզի 2, Կոտայքի մարզի 6, Լոռու մարզի 3, Արագածոտնի մարզի 4 և Արարատի մարզի 6 համայնքներում։

Ընդհանուր առմամբ 5 մարզերի 21 համայնքներում կատարված ստուգումների արդյունքում հայտանբերվել և արձանագրվել է 339 խախտման դեպք, որից 34-ը (10%)` Սյունիքի, 97-ը (28.6%) Կոտայքի, 39-ը (11.5%) Լոռու, 80-ը (23.6%) Արագածոտնի և 89-ը (26.3%) Արարատի մարզերում։ Հիմնական դեպքերը կապված են հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների խախտումների հետ (ընդհանուր քանակի 72%):

Հայտնաբերվել են՝

  • Հողամասի նպատակային նշանակության խախտման ընդհանուր թվով 166 դեպք, որից 14-ը Սյունիքի, 53-ը Կոտայքի, 18-ը Լոռու, 19-ը Արագածոտնի և 62-ը Արարատի մարզում։
  • Հողամասի գործառնական նշանակության խախտման ընդհանուր թվով 79 դեպք, որից 7-ը Սյունիքի, 22-ը Կոտայքի, 5-ը Լոռու, 37-ը Արագածոտնի և 8-ը Արարատի մարզում։
  • Օտարման կարգի խախտման ընդհանուր թվով 36 դեպք, որից 6-ը Սյունիքի, 11-ը Կոտայքի, 19-ը Արարատի մարզում։
  • Առանց  ճարտարապետահատակագծային առաջադրանքների օտարման ընդհանուր թվով 44 դեպք, որից 7-ը Սյունիքի, 7-ը Կոտայքի, 15-ը Լոռու, 15-ը Արագածոտնի մարզում։
  • Տրամադրման կարգի խախտման ընդհանուր թվով 12 դեպք, որից 4-ը Կոտայքի, 1-ը Լոռու, 7-ը Արագածոտնի մարզում։
  • Գեոդեզիական կետի խախտման ընդհանուր թվով 2 դեպք, 2-ն էլ  Արագածոտնի մարզում։

graf2

 Ստուգումների արդյունքում կազմվել է 21 ակտ: Համաձայն  «Հողերի օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի Տեսչական մարմնի կողմից՝ բացահայտված խախտումները վերացնելու և պատասխանատու պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով միջնորդություններ են ներկայացվել ՀՀ համապատասխան մարզպետներին:
Ընդհանուր առմամբ նշանակվել է 7․450․000 դրամի չափով տուգանք, որից  650․000 դրամը` Սյունիքի, 2․250․000 դրամը` Կոտայքի, 1․150․000 դրամը  Լոռու, 1․750․000 դրամը`  Արագածոտնի և 16․50․000 դրամը` Արարատի մարզերում։
Միաժամանակ նշենք,որ Տեսչական մարմնի կողմից կազմված ակտերում արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել է համապատասխան իրավասու մարմիններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել