Որդու վրեժը լուծելու նպատակով սպանել է մանկահասակ երեխայի

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանք Արտակ Մ.-ի:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2010թ. նոյեմբերի 14-ին` ժամը 13:30-ի սահմններում, Երևան քաղաքի Զավարյան 49/1 տան դիմաց հանդիպելով 2009թ.նոյեմբերի 29-ին առանձին դաժանությամբ սպանված իր հանգուցյալ որդու` Սոսի սպանությանն առնչված և օրենքով սահմանված տարիքի հասած չլինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված Սարգիս Վ-ին, նպատակադրվել է վրեժխնդիր լինել նույն եղանակով, այսինքն` սպանել Սարգսին:

 

Դատաքննության ժամանակ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել:

 

Փորձագետի 2010 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 1034 եզրակացության համաձայն` Սարգիս Վ.-ի մահը վրա է հասել հեմոռագիկ և տրավմատիկ շոկից` պարանոցի, կրծքավանդակի աջ և ձախ կեսերի, որովայնի, գոտկային շրջանի, վերին վերջույթների ծակած-կտրած թափանցող և չթափանցող վնասվածքներ ստանալու հետևանքով:

 

Դատարանն ապացուցված է համարել Արտակ Մ.-ի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները կատարելու մեջ:

 

Արտակ Մ.-ի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը` սպանությունը, հանցավորի համար ակնհայտ մանկահասակ անձի նկատմամբ կատարելը:

 

Դատարանը վճռել է Արտակ Մ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արտակ Մ.-ի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 11 տարի ժամկետով:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Արտակ Մ.-ի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 տարի ժամկետով:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարվել են, և Արտակ Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 11 տարի, 6 ամիս ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով 2010 թվականի նոյեմբերի 14-ից:

 

Գործն այժմ գտնվում է Քրեական վերաքննիչ դատարանում:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել