Ապահովագրություն` մինչև 18 տարեկանների համար. նախագիծ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է  նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող շահառուների ցանկում ընդգրկել ևս մեկ խումբ` ավելացնելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց, ինչպես նաև ընդլայնել ախտորոշված չարորակ նորագոյացություններով 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումից պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցողների շրջանակը` ավելացնելով բնակչության բոլոր խմբերը`արտոնյալ պայմաններով՝ համվճարային սկզբունքով, ի լրումն անվճար պայմաններով 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումից օտվելու իրավունք ունեցող թվով 15 սոցիալական խմբերի:

«Առողջության համապարփակ ապահովագրության մեր առաջարկած համակարգում գործելու է հիմնական ծառայությունների փաթեթ, որի մեջ ներառված ծառայությունները մինչև 18 տարեկան երեխաների համար ներկայացնում եմ ստորև (մեծահասակների ՀԾՓ-ն կներկայացնեմ առանձին գրառումով).

1. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար,

Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,

 Շտապ բժշկական օգնության ծառայություներ, այդ թվում սանավիացիա,

 Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը,

Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի ծառայություններ,

Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում հիվանդությունների դեպքում,

2. Պետական հոգածության առողջապահական ծառայություններ, այդ թվում.

իմունիզացիա,

կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,

աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,

ՄԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ,հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ, հեմոդիալիզի ծառայություններ:

3. Հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

Նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններ,

Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններ,

Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն,

Չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բուժօգնություն,

Մանկաբարձություն և նեոնատալ խնամքի ծառայություններ,

Մանկական և նորածնային վիրաբուժության, ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ»,- ավելի վաղ նշել էր Արսեն Թորոսյանը:

Պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը կկիրառվի ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ, «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի վրա, իսկգումարները նախատեսված են բյուջեի ծախսի տնտեսագիտական  դասակարգ­ման   «Նպաստներ» հոդվածով:

Պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման  սկզբունքի կիրառման դեպքում առողջապահության նախարարության և  կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրերում չեն ամրագրվի պայմանագրային գումարները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ իրավական ակտի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային օղակում իրականացվող բժշկական օգնության ու սպասարկման առավել հասանելիությունը, ստեղծել ճկուն մեխանիզմներ՝ դեպքերի ֆինանսավորումն իրականացնելու և չփոխհատուցվող դեպքերը բացառելու, հերթգրման մեխանիզմները կատարելագործելու  ուղղությամբ:

Հաստատման դեպքում որոշումը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել