Աշխատավարձը ժամանակին չվճարելու հետևանքները

Ինչպես գիտենք, աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է: Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:

 

Աշխատողի իրավունքները պաշտպանելու համար սահմանված է, որ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չափից (ամսական աշխատավարձը` 35 000 դրամ, ժամային դրույքաչափերը` համապատասխանաբար 210 դրամ, 234 դրամ, 350 դրամ` կախված աշխատաժամանակի տևողությունից) պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

 

«Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով»,-Իրավաբան.net-ին լրագրողին հայտնեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

 

Գործատուն ազատվում է վերը նշված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել