Երեկ ստոմատոլոգները, այսօր էլ ռիելթորները:
Այսօր ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա «Ո՞վ է 60.000-ի «նկարիչը»» և «Ետ տվե՛ք մեր աշխատատեղերը» կոչերով:
Այն կրկին ուղղված է եղել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքին, որն իսկապես մեծ խուճապ է առաջացրել ռիելթորների շրջանում:
Վերջիններս հայտարարում են, որ օրենքի կիրառմամբ անշարժ գույքի ոլորտը կանգնելու է բազմաթիվ խնդիրների առջև՝ ընդհուպ մինչև աշխատատեղերի կրճատում, որոշ ընկերությունների գործունեության դադարեցում և այլն:
Ակցիային մասնակցել են ոլորտի տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև արդեն իսկ օրենքի կիրառման արդյունքում կրճատված աշխատակիցներ:
Հավաքի մասնակիցները պահանջում էին հանդիպում նախարարի հետ և նամակի հանձնում՝ խնդրի պարզաբանման նկատառումներով:
«Եթե պետությունը գրիչի մի հարվածով այսքան մարդու թողնում է առանց աշխատանքի, ի՞նչ անեմ այս պետությունում», -այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Աննա Անանյանը, ով արդեն մնացել է առանց աշխատանքի, իսկ Էդգար Հարությունյանը հայտարարեց, որ «ամեն ինչ վաճառում ենք և գնանք»:
Իսկապես, մեզ իրավաբաններիս համար դժվար է կռահել այս հանելուկը, թե օրենքի հիմքում ինչ հետազոտություն, ուսումնասիրություն է ընկած, կամ՝ ինչ տրամաբանությամբ «հավաքարարին» պետք է դիտել որպես «անշարժ գույքի գործակալ»:
Միգուցե՞ այս հանելուկն ունի իր պատասխանը:
Աղբյուր՝ Իրավաբան.net