Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում շարունակվում է նախկինում՝ 2008թ. մարտից մինչև 2011 թվականի հուլիս ամիսը Վրաստանում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս աշխատած, 2011թ. հուլիսից մինչև 2012թ. սեպտեմբերի 9-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ եղած Հակոբ Հաջի-Հակոբյանին առաջադրված մեղադրանքով գործի քննությունը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նա, գործելով պաշտոնական լիազորությունների շրջանակներում, շահադիտական դրդումներից ելնելով, «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը տալու կարգ»-ի պահանջների խախտմամբ՝ առանց ՀՀ ԱԳՆ հարցում ուղարկելու և պատասխան ստանալու, Թուրքիայի Հանրապետությունից Հայաստան վերադարձող և անձը հաստատող փաստաթղթեր չունեցող կամ փաստաթղթերի հետ խնդիրներ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 1-2 օրվա րնթացքում վերադարձի վկայական տրամադրելու համար՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսի օգնական Անժելա Գեորգիի Օվանեսյանի և Վրաստանի Բաթում քաղաքում բնակվող ՀՀ քաղաքացի Նանե Գավրուշի Ղավալբաբունցի միջնորդությամբ և օժանդակությամբ, վերադարձի վկայական հայցող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, որպես կաշառք պահանջել և ստացել է 100-ական ԱՄՆ դոլարի չափով հավելյալ գումարներ:
Որպես խափանման միջոց՝ Հակոբ Հաջի-Հակոբյանի նկատմամբ ընտրվել է կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net