«Իրանցիների անհավանական արկածները Հայաստանում»

Երևան քաղաքում բնակվող ԻԻՀ քաղաքացի Ահմադռեզա Քարիմի Բախշին ցանկանալով ՀՀ տարածքում զբաղվել թմրամիջոցների վաճառքով, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ԻԻՀ քաղաքացիներ Հոսեին Նահալիի և Բաբաք Մոհամմադզադեհի հետ` վերջինիս կողմից մաքսանենգորեն ՀՀ տեղափոխված տարբեր տեսակի թմրամիջոցները ձեռք բերելու և ՀՀ տարածքում իրացնելու վերաբերյալ, և նշված պայմանավորվածությունն իրականացնելու համար հանցավոր համաձայնության է եկել իր վաղեմի ծանոթներ, Երևան քաղաքի բնակիչներ Սոնա Պռոշիկյանի և Մելինե Տերտերյանի հետ, որ վերջիններս Իրանից մաքսանենգ ճանապարհով տարբեր տեսակի թմրամիջոցները Հայաստան տեղափոխելուց հետո դրանք իրենից ձեռք կբերեն և կիրացնեն ՀՀ տարածքում, ինչպես նաև գումարներ կտրամադրեն թմրամիջոցները ՀՀ տեղափոխելու համար:

 

Ահմադռեզա Բախշիի, Մելինե Տերտերյանի և Սոնա Պռոշիկյանի օժանդակությամբ, որոնք նախապես խոստացել են թմրամիջոցները մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխելուց հետո դրանք ձեռք բերել և իրացնել, ինչպես նաև թմրամիջոցների մաքսանենգության համար տրամադրել են գումարներ, Բաբաք Մոհամմադզադեհը 2011 թվականի մայիս ամսին երեք դեպքերով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել, մաքսանենգորեն Իրանից Հայաստան է տեղափոխել և իրացրել տարբեր տեսակի թմրամիջոցներ:

  

Այսպես, պայմանավորվածությունը իրականացնելու համար Բաբաք Մոհամմադզադեհը 2011 թվականի մայիսի 02-ին Ահմադռեզա Բախշիի կողմից ձեռք բերված ավիատոմսերով Թեհրան-Երևան չվերթով ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և ՀՀ մաքսային սահմանով, մաքսային հսկողությունից թաքցնելով, Իրանից Հայաստան է տեղափոխել 250 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոց և այդ թմրամիջոցից իրացնելու նպատակով Ահմադռեզա Քարիմի Բախշին ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի` 50 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոց, որը պահել է իր մոտ, ապա ապօրինի իրացրել Երևան քաղաքի բնակչուհի Մելինե Տերտերյանին, իսկ վերջինս իրացնելու նպատակով Ահմադռեզա Բախշիից ձեռք բերելով 50 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցը` մաս-մաս այն իրացրել է ՀՀ տարածքում:

 

2011 թվականի մայիսի 09-ին դարձյալ Բաբաք Մոհամմադալի Մոհամմադզադեհը Ահմադռեզա Բախշիի կողմից ձեռք բերված ավիատոմսերով Թեհրան-Երևան չվերթով ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և ՀՀ մաքսային սահմանով, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ է տեղափոխել 110 գրամ ափիոն ու 200 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցներ, և այդ թմրամիջոցներից իրացնելու նպատակով Ահմադռեզա Քարիմի Բախշին ապօրինի ձեռք է բերել 75 գրամ հաշիշ և 75 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցներ, պահել իր մոտ և դրանից 75 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը կրկին ապօրինի իրացրել է Երևան քաղաքի բնակչուհի Մելինե Տերտերյանին, որն էլ իրացնելու նպատակով Ահմադռեզա Բախշիից ձեռք բերելով 75 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը` մաս-մաս այն իրացրել է ՀՀ տարածքում:

  

Ահմադռեզա Բախշիի, Մելինե Տերտերյանի և Սոնա Պռոշիկյանի օժանդակությամբ 2011 թվականի մայիսի 16-ին նույն եղանակով Թեհրան-Երևան չվերթով հերթական անգամ Բաբաք Մոհամմադալի Մոհամմադզադեհը ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և իր հետ ՀՀ մաքսային սահմանով, մաքսային հսկողությունից թաքցնելով, ԻԻՀ-ից Հայաստան է տեղափոխել 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցներ, պահված ուղիղ աղիքում, սակայն չի հասցրել իրացնել, քանի որ բռնվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

  

2011 թվականի մայիսի 17-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության կողմից:

 

2012թ. դեկտեմբերի 7-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ ամբաստանյալ Բաբաք Մոհամմադալի Մոհամմադզադեհը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի (մաքսանենգություն) 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266 (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրան դատապարտել` ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկաներ հանդիսացող 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 9 (ինը) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կանոններով նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 11 /տասնմեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկաներ հանդիսացող 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ: Պատժի հետ մեկտեղ, Բաբաք Մոհամմադալի Մոհամմադզադեհի նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում «Ափիոնային թմրամոլության» դեմ:

  

Ամբաստանյալ Ահմադռեզա Քարիմի Բախշինը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի (մաքսանենգություն, հանցակցություն) 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրան դատապարտել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկաներ հանդիսացող 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 9 (ինը) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կանոններով նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 13 (տասներեք) տարի ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկաներ հանդիսացող 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ: Պատժի հետ մեկտեղ, ՀՀ քրեական օրենսգրքի 97 հոդվածի կիրառմամբ Ահմադռեզա Քարիմի Բախշիի նկատմամբ նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում «Ափիոնային թմրամոլության» դեմ:

  

Ամբաստանյալ Մելինե Տերտերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրան դատապարտել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկաներ հանդիսացող 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 7 (յոթ) տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կանոններով նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկաներ հանդիսացող 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ:

  

Ամբաստանյալ Սոնա Պռոշիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 2-րդ մասով և նրան դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկաներ հանդիսացող 86,436 գրամ ափիոն և 101,985 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ:

  

Ներկայումս սույն գործով դատավճիռը ամբաստանյալները բողոքարկել են վերաքննիչ քրեական դատարան:

  

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել