«Դալմա» առևտրի կենտրոնից խոշոր չափերի գողություն է կատարվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում չդատապարտված Տիգրան Պ.-ի, Հրանտ Պ.-ի, Գարեգին Ե.-ի, Ղևոնդ Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

 

Տիգրան Պ.-ը մեղադրվում է նրանում, որ նա նախնական համաձայնության գալով Հրանտ Պ.-ի, Գարեգին Ե.-ի և Ղևոնդ Բ.-ի հետ 2012թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ժամը 01-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել «Դալմա Ինվեստ» ՍՊԸ-ին պատկանող Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա» առևտրի և զվարճանքների նորակառույց կենտրոնի պահեստային մաս և այնտեղից գաղտնի հափշտակել տարբեր տեսակի լուսարձակներ` «Դալմա Ինվեստ» ՍՊԸ-ին պատճառելով խոշոր չափերի հասնող, ընդհանուրը 2.637.500 ՀՀ դրամի նյութական վնաս:

 

Գործով չորս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականցվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել