Աշակերտների և ուսուցիչների տրանսպորտային ծախսերը որոշ չափով կփոխհատուցվի

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ 3,5 անգամ ավելի շատ գումար է նախատեսվել բյուջեում՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով։

«2020 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում հանրակրթական դպրոցների մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման նպատակով 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու. գալիք տարվա համար նախատեսված է 276 միլիոն դրամ 2019 թվականի 79 միլիոն դրամի փոխարեն` ընդգրկելով բոլոր մարզերը (նախկինում ընդգրկված էր միայն 7 մարզ)։

Փոխհատուցում տրամադրվում է.

  • այն մանկավարժներին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է քան 5 կմ-ը) հանրակրթական դպրոցի ուսուցիչ 0.5-ից ավելի հաստիքային դրույքով և ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող «Փոխհատուցում Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժներին» և նման այլ ծրագրերում,
  • դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հանրակրթական դպրոցի կամ այդ դպրոցում տվյալ մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հանրակրթական դպրոցում, որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է քան 5 կմ-ը:

Փոխհատուցման առավելագույն չափը տվյալ տարվա համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հրապարակած միջմարզային և միջհամայնքային երթուղային ցանցի մրցույթով ներկայացված սակագների միջին թվաբանականն է: Դրանց բացակայության դեպքում հիմք է ընդունվելու 200 դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար): Տվյալ բնակավայրի անվանման բացակայության դեպքում հիմք է ընդունվում դրան ամենամոտ բնակավայրի համար սահմանված սակագինը:

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ուսումնական հաստատությունը փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը՝ հիմնավորումներով և հաշվարկներով (մինչև սեպտեմբերի 20-ը` առաջին կիսամյակի համար, մինչև հունվարի 20-ը` երկրորդ կիսամյակի համար) ներկայացնում է դպրոցի կառավարման լիազոր մարմին՝  մարզպետարաններ կամ ԿԳՄՍ նախարարություն (նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցների համար)։ Դրանից հետո ԿԳՄՍՆ-ն առաջարկում է մարզպետարաններին` իրենց ենթակայությամբ գործող հաստատությունների հետ ստորագրել պայմանագրեր` ամեն ամիս ֆինանսավորում իրականացնելու վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել