Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակում նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) հերթական նիստը:
Այս տարի Հայաստանի Հանրապետությունը պետք է անցնի ԱՃԹՆ-ի առաջին միջազգային վավերացումը, որի նպատակով էլ ԲՇԽ նիստի ընթացքում ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության Վավերացման գործընթացի ղեկավար Լիդյա Կիլպին և ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության Երկրի համակարգող Օլեսյա Տոլոչկոն ներկայացրին ԱՃԹՆ-ի վավերացման ընթացակարգը:
Համաձայն վավերացման ընթացակարգի՝ կտրվի նախորդ 3 տարիներին Հայաստանի Հանարապետությունում նախաձեռնության պահանջների իրականացման գնահատականը, ինչպես նաև կգնահատվի երկրի առաջընթացն ԱՃԹՆ-ի ստանդարտի բոլոր պահանջների իրականացման առումով։ Վավերացման գնահատականի հիման վրա ԱՃԹՆ-ի միջազգային խորհուրդը հաստատելու է երկրի առաջընթացը (կարգավիճակը)։
Լիդյա Կիլպին և Օլեսյա Տոլոչկոն ներկայացրին նաև ԱՃԹՆ-ի 2019 թվականի ստանդարտի նոր պահանջները:
Նշենք, որ Հայաստանի EITI-ի առաջին միջազգային վավերացման գործընթացը սկսվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ից: Այս օրերին անկախ վավերացնողները հանդիպումներ են ունեցել ինչպես բազմաշահառու խմբի, այնպես էլ առանձին խմբակցությունների ներկայացուցիչների, խմբակցությունից դուրս՝ ոլորտի լիազոր պետական մարմինների, շահառու փորձագետների, քաղաքացիական հասարակության և մեդիա դաշտի ներկայացուցիչների հետ, աշխատել են ԱՃԹՆ-ի զեկույցը կազմող անկախ ադմինիստրատորի հետ։
ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։