Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում, Երևանի հ. 92 մանկապարտեզում աթոռներին կապված երեխաների լուսանկարների շուրջ:
Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:
Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության, մանկապարեզի աշխատակիցներ, ծնողներ, բժիշկներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակական կառույցների անդամներ:
«Խնդիրը շատ նուրբ է, և կուզենայի, որ այս բազմաշերտ մասնագիտական խմբով փորձենք խնդրին համապատասխան լուծում տալ: Չնշելով, որ մանկապարեզը ներառական է, համացանցային հրապարակումից տպավորություն էր ստեղծվել, որ Երևանի բոլոր մանկապարտեզներում է կիրառվում նման մոտեցում, ինչի հետևանքով մենք մեծ աղմուկի բախվեցինք: Օգտագործելով այս երեխաներին՝ փորձ արվեց մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզների կառավարման համակարգի վրա ստվեր գցել, ինչն ուղղակի անընդունելի է: Բնականաբար այս ընթացքում այցելություններ են եղել մանկապարտեզ: Մենք պետք է հարգենք երեխաների և նրանց ծնողների զգացմունքներն ու իրավունքները`համապատասխան պայմաններ ստեղծելով երեխաների համար»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը՝ հորդորելով ոչ մասնագետներին զերծ մնալ մասնագիտական կարծիքներ արտահայտելուց:
Քննարկման ընթացքում նշվել է, որ 2015 թվականից ներառական 3 խմբով աշխատող թիվ 92 մանկապարտեզ հաճախում է տարբեր խնդիրներ ունեցող 24 երեխա: Նրանցից 14-ն ունեն հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս անվասայլակներով: Նստարանները, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ, մանկապարտեզին տրմադրել էր «Արբես» առողջապահական կենտրոնը: Հանդիպմանը ներկա կենտրոնի ներկայացուցիչ Գայանե Զաքարյանը նշել է, որ աթոռակները հատուկ մասնագիտական չեն, բայց փորձել են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար հնարավորին հարմար դարձնել: Մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանի խոսքով էլ դա արվել է երեխաների անվտանգության նկատառումներով:
«Ես չեմ բացառում, որ կրթական ոլորտում կան խնդիրներ, բայց երբ այն միանգամից և առանց ճշգրիտ տեղեկատվության սոցիալական ցանցերի քննարկման առարկա է դառնում, սա ոտնահարում է առաջին հերթին երեխաների իրավունքները», – ընդգծել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանն իր հերթին նշել է, որ լուսանկարները տեսել է նախքան հրապարակումը, իսկ համացանցում հայտնվելուց հետո շտապել է մանկապարտեզ: Փոխնախարարի խոսքով, լինելով կրթական ընդհանուր քաղաքականության մշակող կառույց, նախարարությունը կարևորում է խնդիրների վերհանումը, դրանց շուրջ քննարկումները:
Պե՞տք է արդյոք երեխաներին ամրակապել, թե՞ ոչ: Մասնագետներն այս հարցում միակարծիք չեն: Սակայն խոսելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների մոթոդաբանության մասին՝ քննարկման մասնակիցները փաստել են, որ բռնության որևէ դրսևորում չի կարող դրանց մաս կազմել: Միաժամանակ պետք է միջոցներ ձեռնարկվեն մասնագիտական գույքի թարմացման ուղղությամբ:
Մասնագիտական քննարկումները կշարունակվեն, և տարբեր խնդիրներով երեխաներին կցուցաբերվեն անհատական մոտեցումներ: