Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Նախագիծը կքննարկվի այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ։
Պատագամավորն առաջարկում է կենսաթոշակի նշանակման ժամանակ աշխատանքային ստաժը հաշվարկելիս հաշվի առնել նաև համատեղությամբ մեկից ավելի տեղերում աշխատելու ժամանակահատվածը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել տվել նախագծին։
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Կառավարությունը՝ հաշվի առնելով ֆինանսական հնարավորությունները:
Անձի եկամուտները (աշխատավարձը) և դրանից կատարված վճարումները կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվի չեն առնվում։
Սա նշանակում է, որ կենսաթոշակի չափի վրա ազդող միակ գործոնը անձի աշխատանքային ստաժի տևողությունն է (այն ժամանակահատվածը, որի ընթացքում անձը զբաղվել է աշխատանքային գործունեությամբ և օրենքով սահմանված կարգով կատարել է վճարումներ)։
Ընդ որում, աշխատանքային ստաժի տևողության մեջ հաշվառվում է աշխատանքի ընդունվելու օրվանից մինչև աշխատանքից ազատվելու օրն ընկած ժամակահատվածը՝ անկախ այդ ժամանակահատվածում համատեղությամբ աշխատելու հանգամանքից և անձի կողմից փաստացի կատարած աշխատանքի ծավալից։ Հարկ է նկատի ունենալ, որ աշխատանքային ստաժը հաշվարկելիս նույնական մոտեցում է ցուցաբերվում թե՛ այն դեպքում, երբ անձն աշխատում է արտաժամյա (օրինակ՝ շաբաթական 60 ժամ), թե՛ այն դեպքում, երբ անձն աշխատում է կրճատ աշխատաժամանակով (օրինակ՝ շաբաթական 24 ժամ)։
Նախագծով առաջարկվող՝ աշխատանքային ստաժի հաշվարկման սկզբունքների վերանայումը, մեր գնահատմամբ, էապես կբարդացնի աշխատանքային ստաժի տևողությունը (աշխատանքային կենսաթոշակի չափը) հաշվարկելու կարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դեպքում անհրաժեշտություն կառաջանա անդրադարձ կատարել նաև այն դեպքերին, երբ անձը աշխատում է աշխատաժամանակի կրճատ «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդված» կամ առավելագույն «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մաս, տևողությամբ կամ նույն գործատուի մոտ` երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով (ակնհայտ է, որ գործատուները համապատասխան հաշվարկ չեն վարում, ինչն էապես բարդացնում է աշխատանքային ստաժը հաստատելու կանոնները):
Աշխատանքային ստաժի հաշվարկման սկզբունքների վերանայումը, մեր կարծիքով, խնդրահարույց է նաև սոցիալական արդարության տեսակետից՝ հաշվի առնելով, որ այս դեպքում, օրինակ, նույն ժամանակահատվածում 0.25 դրույքով 2 դպրոցում աշխատած ուսուցիչը (ընդամենը՝ 0.5 դրույք) կկուտակի ավելի շատ կենսաթոշակային իրավունքներ, քան մեկ դպրոցում 1 դրույքով աշխատած ուսուցիչը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախարարությունն առաջարկում է օրենքի նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ:
Նախարարության կողմից տրված եզրակացության մեջ նաև նշվում է, որ նախագծի ընդունումը ենթադրում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացում, որի չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված: