Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց․ խորհրդարանը կողմ քվեարկեց

Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց։ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի հերթական նիստի ժամանակ  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեցին 99 պատգամավոր, դեմ՝ 4-ը:

Նախատեսվել է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, հրազենով կրակելու միջոցով, կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը կամ դիազերծումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը և իրականացումը, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը եւ այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ 100-300 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ՝
պատժվում է տուգանքով՝ 300․000 – 500․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով։

«Ես այս նախագծի ընդունումը համարում եմ այս խորհրդարանի ամենակարեւոր քայլերից մեկը։ Շնորհակալ եմ բոլոր կենդանասերներին եւ կենդանիների պաշտպանության կազմակերպություններին՝ ամենօրյա աջակցության համար։ Բրավո մեր հասարակությանը՝ այս նախագծի հանրային աննախադեպ աջակցության համար։
Չեմ հասկանում եւ չեմ ուզում հասկանալ դեմ քվեարկած 4 պատգամավորներին եւ դահլիճում նստած, բայց որպես դեմարշ՝ չքվեարկած տիկնոջը։ Անհասկանալի բարդույթներ ունենալը թուլության նշան է։
Այս նախագիծը ինձ համար առաջին հերթին նախագիծ է մարդու՝ մարդ լինելու մասին։
Բրավո՝ կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին։
Մեր երկրում կենդանիները այլեւս պաշտպանված են լինելու անմարդկային մարդկանցից»,-նշել է Նախագծի հեղիանակ Նաիրա Զոհրաբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել