Այսուհետ քաղաքացիները նույնպես կկարողանան արձանագրել ճանապարհային երթևեկության խախտումները․ օրենքն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, 83 կողմ, 24 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունեց պատգամավորներ Արմեն Փամբուխչյանի և Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագիծը, որով այսուհետև քաղաքացիները նույնպես կկարողանան արձանագրել խախտումները, որոնց հիման վրա ոստիկանությունը կիրականացնի վարչական վարույթ։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից: 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո քաղաքացիների մոտ էապես բարձրացել է վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ: Վստահության մակարդակի բարձրացմանը զուգահեռ քաղաքացիներն այսօր ավելի պատրաստակամ են համագործակցել ոստիկանության հետ:

Սոցիալական ցանցերում ստեղծված մի քանի խմբեր, որոնց անդամների թիվը գերազանցում է տասնյակ հազարները, օրական հարյուրավոր լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում ճանապարհային երթեւեկության խախտումների վերաբերյալ: Այս խմբերում ներգրավված մարդիկ ցանկանում են մասնակից լինել ճանապարհաին երթեւեկության անվտանգության ապահովման գործընթացներում: Նրանք նկարահանում են իրենց տեսադաշտում հայտնված երթեւեկության խախտումները, այլ իրավախախտումներ ու հրապարակում՝ այսպիսով փորձելով ինչ-որ բան փոխել սեփական երկրի կյանքում: Սակայն այդ նպատակի իրագործման համար չկան համապատասխան օրենսդրական մեխանիզմներ: Միաժամանակ այսօր չկան նաեւ այնպիսի օրենդրական կարգավորումներ, որոնք թույլ կտան գոնե պաշտպանել այդ մարդկանց, որոնք ամեն տեսանյութ հրապարակելուց հետո ենթարկվում են բազմատեսակ սպառնալիքների: Իրավախախտներից ոմանք նույնիսկ դատարանով են սպառնում տեսանյութեր նկարող եւ տարածող քաղաքացիներին՝ մատնանշելով օրենդրական մեխանիզմների բացակայությունը:

Հասկանալով, որ միայն իրավագիտակից քաղաքացին է ունակ ստեղծելու հզոր երկիր՝ կարեւոր է, որպեսզի մենք ունենանք այդ քաղաքացու համար ստեղծված օրենդրական գործիքներ, անվտանգության երաշխիքներ: Ուստի անհրաժեշտ է ներդնել օրենսդրական գործիքակազմ, որը թույլ կտա օրենքով սահմանված կարգով ընթացք տալ քաղաքացու հեռախոսի կամ վիդեոռեգիստրատորի տեսադաշտում հայտնված իրավախախտմանը:

Հատկանշական է, որ սոցիալական ցանցերում ստեղծված այս խմբերում ծավալվող քննարկումներին շարքային քաղաքացիների հետ միասին ակտիվորեն մասնակցում են նաեւ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները, Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամները, ինչը նույնպես փաստում է համագործակցության բարձր մակարդակի մասին:

Հիմնավորման այս հատվածում հարկ եմ համարում մեջբերել «Մի? արեք այսպես» ֆեյսբուքյան բազմահազարանոց խմբի անդամների կողմից ինձ ուղարկված հաղորդագրությունից մի հատված. «Մենք (կամ հասարակության մի ստվար զանգված) պետությունը ընկալում ենք ինչ-որ օտար, հեռու, մեզնից անկախ, մեծ հնարավրություններով օժտված, բայց եւ մեր հետ կիսվելու ցանկություն չունեցող ու նաեւ մեզ անվերջ պարտական մի մարմին: Իսկ մենք մեր կողմից կարծում ենք, որ մենք ոչինչ պարտական չենք պետությանը: Ունենք իրավունք պահանջելու, ունենք իրավունք ստանալու, բայց չունենք պարտավորություն տալու: Բայց չէ որ համաձան Սահմանադրության երկրի իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետեւաբար նաեւ վերահսկողությունն է քաղաքացիների ձեռքերում: Հասունացել է երթեւեկության հանրային վերահսկողության գաղափարը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել