Ո՞մ է պարտավոր տեղեկացնել անձը մշտական բնակության վայրը փոխելիս

Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր կացարան:

 

Ռեգիստրում անձի մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն փոխվում է`

 

ա) բնակչի կողմից բնակության վայրը փոխելիս,

 

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 6 ամսվանից ավելի ժամկետով մեկնելու կամ 6 ամսվանից ավելի ժամկետով բնակվելու դեպքում,

 

գ) զինծառայության զորակոչվելիս,

 

դ) ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ` պատիժը քրեակատարողական հիմնարկում կրելիս:

 

Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս` քաղաքացին դիմում է նոր բնակության վայրի տեղական ռեգիստրին` նոր բնակության վայրում հաշվառվելու համար:

 

Բնակիչն զբաղեցրած բնակելի տարածությունն օգտագործելու իրավունքը կորցնելուց հետո 7-օրյա ժամկետում համապատասխան տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնում է իր նոր բնակության վայրի հասցեն:

 

Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելու դեպքում բնակության նոր վայրում հաշվառվելու համար քաղաքացիները դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր):

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս նոր բնակության վայրի (կացարանի) հասցեն օրենքով սահմանված ժամկետում չհայտնելու համար: Այդ զանցանքը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի՝ երեք հազար դրամի չափով: Հաշվառման հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործը քննում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել