ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ֆինանսների ու արտգործնախարարությանը լիազորել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի որոշ պաշտոնյաների ու կառույցների դեմ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Սպիտակ տան արած հայտարարության մեջ նշվել է, որ երկրի ֆինանսների ու արտաքին գործերի նախարարությունների համատեղ որոշմամբ Սիրիայի անվտանգությանը, կայունությանը կամ տարածքային ամբողջականությանը սպառնացող որոշ ներկա և նախկին թուրք պետական պաշտոնյաների՝ ԱՄՆ-ում գտնվող գույքերի վրա կարող է արգելք սահմանվել:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով որ Սիրիայում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են սահմանվել:
Հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների ցանկում են հայտնվել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը: Բացի նշյալ անձանցից պատժամիջոցների թիրախում է հայտնվել ևս 2 գերատեսչություն՝ Թուրքիայի պաշտպանության ու էներգետիկայի նախարարությունները:
Համապատասխան ցուցակում հայտնված մարդկանց ու կառույցների՝ ԱՄՆ-ում ունեցած գույքի վրա կալանք կդրվի, իսկ նշյալ մարդիկ կամ կառույցները չեն կարողանա ԱՄՆ-ի հետ որևէ գործարք կատարել:
Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայից ԱՄՆ ներմուծվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը 25%-ից 50%-ի հասցնելու որոշման մասին: Բացի այդ դադարեցվելու է ԱՄՆ առևտրի նախարարության և Թուրքիայի միջև իրականացվող 100 մլրդ դոլար արժողությամբ առևտրային գործարքի շուրջ բանակցությունները: