Թել Աբյադի հայ ընտանիքները երեկ հասել են Հալեպ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ ընտանիքներից մեկի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Սինանյանի փոխանցմամբ՝ Սիրիական կառավարությունը փորձում է վերահսկել՝ ով է ներս ու դուրս անում, դրա համար քաղաքացիների տեղափոխման գործընթացը մի քիչ ժամանակատար է, սակայն Թել Աբյադի ընտանիքներն արդեն Հալեպում են, ապահով պայմաններում։
Թել Աբյադ քաղաքը շրջափակված է թուրքամետ զորքերի կողմից, Ռաս էլ Այնում նույն վիճակն է, իսկ Ղամիշլիի բնակչությունը դեռ այնտեղ է եւ մտադրություն չունի դուրս գալ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ավելի վաղ հայտնել էր, որ Թել Աբյադի հայ բնակչությունը դուրս է եկել՝ բացառությամբ մեկ անձի, որը սկզբունքայնորեն չի ուզում դուրս գալ: Մեր զրույցում Զարեհ Սինայանն ասաց, որ այս պահի դրությամբ այդ ընտանիքը չի փոխել իր որոշումը։
Թել Աբյադի մեր հայրենակիցների մի մեծ մասն արաբախոս է։ Նրանցից մեկի հետ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապի մեջ է, որոշակի տեղեկություններ է ստանում։ Զարեհ Սինանյանը նշեց, որ բացի հայ ընտանիքների հետ կապից, Հայաստանը տեղեկատվություն է ստանում տարբեր տեղերից, որպեսզի ընդհանուր պատկերն իրականությանը համապատսխան լինի։
Սիրիայի Ղամիշլի քաղաքում եւս, որտեղ մեծաթիվ հայեր կան, հոկտեմբերի 11-ի երեկոյան պայթյուն էր որոտացել։ Այնտեղ կացությունը մնում է լարված։ Թուրքական ռազմական օդանավերի իրականացրած հարձակման հետեւանքով Ղամիշլի քաղաքից դեպի Ռաս-էլ-Այն ճանապարհին արդեն 11 քաղաքացիական անձ է զոհվել, այդ թվում՝ երեք արտասահմանցի լրագրող, շուրջ 100 մարդ վիրավորվել է: Տուժածներից ոմանք ծանր վիճակով գտնվում են հիվանդանոցում:
Զարեհ Սինանյանը մեր զրույցում հայտնեց, որ Ղամիշլիում այս պահի դրությամբ համեմատաբար խաղաղ է, հայ բնակչությունը քաղաքում է, մարդիկ հիմնականում տանից դուրս չեն գալիս։ Այս պահի դրությամբ ազգությամբ որեւէ հայի վիրավորվելու կամ զոհվելու մասին տեղեկություն չկա։
Մեր հարցին՝ Ղամիշլիի հայ բնակիչները ցանկություն չունե՞ն հեռանալ քաղաքից, Սինանյանը պատասխանեց, որ ուրբաթ երեկոյան, շաբաթ առավոտվա դրությամբ՝ կան մարդիկ, որոնք ցանկություն ունեն հեռանալ, բայց նրանք Ղամիշլիից չեն, այլ Թել Աբիադից, շրջակա բնակավայրերից։
Թե Հալեպում արդեն քանի հայ կա՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը թիվ չասաց։ Նա նշեց, որ եթե մեր հայրենակցիները ցանկություն հայտնեն Հայաստան գալ, ապա մեր կառավարությունը բոլոր տարբերակները հաշվի է առնում, եւ մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար տարբերակներ կգտնի։
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի հյուսիս-արեւելքում ՝ օդային եւ հրետանային գրոհներ հասցնելով Հասաքա նահանգի սահմանամերձ քրդաբնակ Ռաս ալ-Աին քաղաքին:
Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է, որ այս գործողության նպատակը Թուրքիայի հարավային սահմանների մերձակայքում «ահաբեկիչների» կողմից վերահսկվող գոտու ոչնչացումն է, Սիրիայում խաղաղության եւ կայունության ապահովումը: Առաջին օրը թուրքական ուժերը հարվածներ են հասցրել 20 քրդական կրակակետերի ուղղությամբ։ Տեղի հեռուստաալիքներից մեկը հայտնել էր, որ խաղաղ բնակչությունը լքել է սահմանամերձ Ռաս-էլ-Աին եւ Թել Աբյեդ քաղաքները, որոնց հարեւանությամբ ներկա պահին կենտրոնացած են թուրքական ուժերը։