Առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 27-ի հրամանի համաձայն, սահմանվում են դպրոցների ու դասասենյակների համար պահանաջվող պայմանները:
Այս պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա, անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:
Այսպիսով, նոր կառուցվող, վերակառուցվող հաստատություններում շենք-շինությունների տեղադրմանը և հողամասերի գործառնական կառուցվածքին, սենքերի գործառնական խմբերին, կազմին և մակերեսներին, ծավալահատակագծային լուծումներին, կահույքի և սարքավորումների տեղադրմանը, բնական և արհեստական լուսավորությանը, ինսոլյացիային, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, ջեռուցմանը և օդափոխությանը, սենքերի ներքին հարդարմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով:
Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության տեխնոլոգիայի կաբինետում անհրաժեշտ է նախատեսել ոչ պակաս քան 2 սենք, խոհարարության և կարուձևի ուսուցման համար: Խոհարարության սենքում անհրաժեշտ է նախատեսել տաք և սառը ջրով լվացման ավազան և խոհարարական գույք:
Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության միջանցքներում (ռեկրեացիաներում) ապահովվում է ջրի հոսքի կառավարմամբ խմելու ջրի ցայտաղբյուր՝ խմելու նպատակով ջրօգտագործման համար:
Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության 1-4-րդ դասարանների ուսումնական սենքերը, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, նկարչության, տեխնոլոգիայի կաբինետները, ճաշարանի հիմնական սենքերը, ցնցուղարանները, բժշկի կաբինետն ապահովվում են լվացարաններով՝ սառը և տաք ջրամատակարարմամբ:
Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության 1-4-րդ դասարանների սովորողների սեղանները ունենում են մակերեսի 12-150 թեքություն:
ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՍԵՆՔԵՐԻՆ, ԳՈՒՅՔԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ.
- Հանրակրթական հաստատությունների սենքերն օգտագործվում են բացառապես ըստ իրենց գործառնական նշանակության:
- Ուսումնական դասասենյակները չեն տեղակայվում շենքի նկուղային և կիսանկուղային հարկերում:
- Հանդերձարանները տեղակայվում են առաջին հարկում (յուրաքանչյուր դասարանին հատկացվում է առանձին հատված՝ իր կախիչներով) կամ դասասենյակներում՝ ապահովելով սովորողների թվին համապատասխան կախիչներով:
- Հանդերձարանները (կախիչներ, հանդերձապահարաններ) կարելի է տեղադրել անմիջապես ուսումնական սենյակում, եթե դասարաններում պահպանվում է մեկ սովորողի համար սահմանված՝ 2 մ2 մակերեսի պահանջը:
- Հաստատության 1-4-րդ դասարանների ուսուցման համար նախատեսված սենքերը տեղակայում են առանձին կառուցահատվածում (հարկերի առանձին թևերում):
- Հաստատության 1-4-րդ դասարանների ուսումնական կառուցահատվածներում նախատեսվում են մեկական սանհանգույց՝ առանձին տղաների և աղջիկների համար: Լվացարանների վերին եզրի բարձրությունը հատակից պետք է լինի՝ 0,6մ` 1-ից 4-րդ և 0,7մ` 5-12-րդ դասարանի սովորողների համար:
- Քիմիայի կաբինետն (կամ կաբինետին կից լաբորատորիան) ապահովվում է քարշիչ պահարանով, քիմիական նյութերի պահպանման համար փակ պահարաններով և չհրկիզվող պահարանով:
- Հաստատության շենքում արհեստանոցները կահավորվում են երեխաների հասակային առանձնահատկություններին համապատասխան ուսումնական գույքով ու սարքավորումներով և օգտագործվում են ըստ նշանակության:
- Հաստատություններում տեղադրվում են 6 չափի սովորողների նստարան (հավելված 1):
- Մարզադահլիճը նախատեսվում է ֆիզկուլտուրայի և արտադասարանական սպորտային պարապմունքների համար:
- Հաստատության մարզադահլիճում նախատեսվում են մարզական գույքի պահման սենյակ, տղաների և աղջիկների հանդերձարաններ:
- Հաստատության բուժկետը (բժշկի կաբինետ) մեկ սենյակում կազմակերպելու դեպքում սենյակում ապահովվում է գործառնական գոտիավորում համապատասխան կահավորմամբ. շարժական միջնապատով մեկուսացնելով հիվանդի ժամանակավոր մեկուսացման համար բժշկական թախտ կամ մահճակալ և միջամտությունների հատված:
- Հաստատության բուժկետն (բժշկի կաբինետ) ապահովվում է դաստակային կամ ոտնակային կառավարման լվացարանով, ոտնակային կառավարման բացվող կափարիչով աղբարկղներով, պահարաններով, բուժաշխատողի ձեռքերի և բուժկետի մակերեսների ախտահանման համար նախատեսված ախտահանիչ լուծույթներով:
- Հաստատության բուժկետի (բժշկի կաբինետ) բժշկական գործիքների և սարքավորումների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված դպրոց-նախադպրոցական հաստատությունների բուժկետ/կաբինետ տեխնիկական և որակավորման պահանջներով ու պայմաններով:
- Հաստատության բուժկետում (բժշկի կաբինետ) ապահովվում են անհրաժեշտ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ՝ համաձայն հավելված 2-ի:
- Հաստատության հարկերում տեղակայվում են աղջիկների և տղաների առնվազն մեկական սանհանգույցներ, որոնց սենքերն ունենում են ամբողջական մակերեսներ, հատակը լինում է սալիկապատ կամ պատվում է ջրանթափանց այլ ծածկով: Յուրաքանչյուր մասնաշենքում նախատեսվում է անձնակազմի համար սանհանգույց:
- Հաստատության զուգարանակոնքերը և մյուս սարքավորումները շահագործվում են սարքին վիճակում: Լվացարանների, զուգարանակոնքերի և միզամանների, ջրի տակառիկների, օդափոխիչ համակարգերի և այլ սարքավորումների անսարքությունները վերացվում են անմիջապես:
- Հաստատության զուգարանների սենքերը և սարքավորումները պահվում են մաքուր վիճակում, ապահովվում են հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով, զուգարանի թղթով: Ճանճերից պաշտպանվելու համար, զուգարանների սենքերի լուսամուտների օդանցքները ցանցապատվում են:
- Հաստատության զուգարաններն ապահովվում են ջրհոսքի հարմարանքով (տրապ):
- Հաստատություններն ապահովվում են ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման (կոյուղու) ներքին ցանցերով, որոնք միացվում են ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին ցանցերին: Չկոյուղացված բնակավայրերում տեղակայված հաստատություններում կեղտաջրերի հեռացումը իրականացվում է համաձայն սույն կանոնների 69-րդ, 70-րդ կետերի:
- Հաստատություններում առկա լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 37 աստիճան ցելսիուսից ոչ բարձր:
- Հաստատության հողատարածքի կանաչապատումն իրականացնելիս բացառում են թունավոր պտուղներով ծառերի և թփերի առկայությունը: Հաստատության սենքերում ևս չեն տեղադրում թունավոր հատկություններով, պտուղներով դեկորատիվ բույսեր:
- Ուսումնական սենքերում օգտագործվում են սովորողների սեղաններ (մեկտեղանի և երկտեղանի), գծագրական կամ լաբորատոր սեղաններ: Սեղանները տեղադրվում են երեք շարքով, սակայն կարող են տեղադրվել նաև երկու կամ մեկ շարքով՝ կախված դասարանում սովորողների թվից: Խմբակային պարապմունքների դեպքում հնարավոր է դասավորման խմբային տարբերակը: Քառակուսի կամ լայնաձիգ կառուցվածքի ուսումնական սենյակներում նստարանները կարող են տեղադրվել նաև քառաշարք:
- Սովորողների հասակին համապատասխան կահույքի (սովորողների նստարանների) ընտրության համար կատարվում է դրա գունային մակնշում (հավելված 1): Ուսումնական սենքերում նստարանները տեղադրվում են ըստ դրանց չափսերի՝ փոքրերը գրատախտակին մոտ, մեծերը գրատախտակից հեռու:
- Լսողության և տեսողության խանգարումներով երեխաներին նստեցնում են առաջին շարքերում, ընդ որում տեսողության ցածր սրությամբ սովորողները պետք է նստեն պատուհանների կողմից առաջին շարքում:
- Ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար եզրային շարքերում նստած երեխաներին փոխում են տեղերով՝ պահպանելով հասակային առանձնահատկություններին համապատասխան նստեցումը:
- Ուսումնական սենքերի կահավորման ժամանակ պահպանվում են կահույքի և նստարանների կամ սեղանների միջև անցումների հետևյալ չափսերն ու պատերից հեռավորությունը (սանտիմետր).
1) երկտեղանի սեղանների շարքերի միջև՝ առնվազն 60,
2) մեկտեղանի սովորողների սեղանների շարքերի միջև` 50,
3) սեղանների շարքի և արտաքին պատի միջև՝ 70,
4) սովորողների հետևի սեղանների և պատերի միջև` 100,
5) սովորողների հետևի սեղանների և պատերի միջև, եթե պատերի տակ շարվում են պահարաններ և/կամ կախիչներ` 140,
6) ցուցադրական սեղանից մինչև սովորողների սեղանները՝ 60,
7) առաջին սովորողների նստարանից մինչև գրատախտակը, ոչ պակաս, քան՝ 240, իսկ քառակուսի կամ լայնաձիգ ուսումնական սենյակներում՝ նստարանների քառաշարք դասավորման դեպքում՝ 300,
8) սովորողների վերջին նստատեղից մինչև գրատախտակն առավելագույն հեռավորությունը 860,
9) աշխատանքային դիրքում գրատախտակի ներքևի եզրի բարձրությունը հատակից`
ա. 1-ին դասարանների համար՝ 70-75,
բ. 2-4-րդ դասարանների համար՝ 75-80,
գ. 5-12-րդ դասարանների համար՝ 80-90:
- Հաստատության փայտամշակման և մետաղամշակման արհեստանոցում ապահովվում է դազգահների ինչպես ձախակողմյան, այնպես էլ աջակողմյան լուսավորում` լուսակիր պատին զուգահեռ տեղադրմամբ:
- Հաստատության փայտամշակման և մետաղամշակման արհեստանոցում մեկ դազգահով շարքերի միջև նվազագույն հեռավորությունը 1,0 մետր է, երկու դազգահի դեպքում՝ 1,5 մետր: Դազգահների վրա մամլիչներն ամրացվում են իրարից 0,9 մետր հեռավորության վրա` հաշվարկը կատարվում է առանցքներով:
- Հաստատության մետաղամշակման դազգահներն ունենում են պաշտպանիչ ցանցեր` 0,65-ից 0,7 մետր բարձրությամբ: Ծակող, սրող և այլ հաստոցները տեղադրվում են հատուկ հիմքերի վրա և կահավորվում են պաշտպանիչ ցանցերով, ապակիներով և տեղային լուսավորմամբ:
- Հաստատության արհեստանոցում սովորողները բոլոր աշխատանքները կատարում են հատուկ հագուստով (խալաթ, գոգնոց, բերետ, գլխանոց, ձեռնոց): Աչքին վնասվածք հասցնելու վտանգ սպառնացող աշխատանքների դեպքում օգտագործում են պաշտպանիչ ակնոց:
- Շահագործվող հաստատության տեխնոլոգիայի կաբինետը մեկ սենյակում կազմակերպելու դեպքում սենյակում ապահովվում է գործառնական գոտիավորում՝ համապատասխան կահավորմամբ և հոսող սառը և տաք ջրով:
- Ուսումնական սենքերի պատերի, հատակի, առաստաղի ծածկույթները լինում են ամբողջական և հարթ, առանց խոնավության և բորբոսի հետքերի: Սենքերի մակերեսների անհարթությունները, ճեղքերը վերացնում են արձակուրդների ընթացքում կամ անմիջապես: Հատակի և պատերի (1,7 մետր բարձրությամբ) ծածկույթը պետք է հնարավորություն ընձեռի խոնավ մաքրման համար: