«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը սահմանում է, որ ելնելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից` սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`
ա) «Հատուկ կարևորության»,
բ) «Հույժ գաղտնի»,
գ) «Գաղտնի»:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության աստիճանը պետք է համապատասխանի նշված տեղեկությունների տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության անվտանգությանը պատճառվելիք հնարավոր վնասի ծանրության աստիճանին:
Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի», իսկ ծառայողական տեղեկակիրներին` «Գաղտնի» դրոշմագրերը:
Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել հետևյալ տեղեկությունները.
1. Ռազմական բնագավառում`
ա) զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության մասին.
բ) ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին.
գ) հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին.
ե) ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:
2. Արտաքին հարաբերությունների բնագավառում`
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական (առևտրային, վարկային և արժութային) գործունեության մասին, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության կենսական կարևոր շահերին:
3. Տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում`
ա) Հայաստանի Հանրապետությունը արտաքին զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության գծով արդյունաբերական կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալների, ինչպես նաև պետական նյութական պահուստների փաստացի չափերի և դրանց տեղաբաշխման մասին.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման նպատակով ներքին կառույցների օգտագործման մասին.
գ) պետական պաշտպանական պատվերների ծավալների, ծրագրերի (հանձնարարականների), սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության և մատակարարումների, դրանց առկայության և արտադրական կարողությունների զարգացման, այդ նպատակով ձեռնարկությունների ու հիմնարկների միջև ստեղծված փոխհամագործակցության կապերի, նշված սպառազինությունները և ռազմական տեխնիկա արտադրողների կամ տեխնիկական և գիտական մշակումներ կատարողների մասին.
դ) պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող աշխատանքների, տեխնիկական լուծումների մասին.
ե) քաղաքացիական պաշտպանության ուժերի ու միջոցների, վարչական կառավարման օբյեկտների պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի մասին.
զ) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, Հայաստանի Հանրապետության պետական պահուստների ու պաշարների, նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին:
4. Հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում`
ա) հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները.
բ) հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնաբար համագործակցող կամ համագործակցած անձանց մասին.
գ) կառավարական և այլ տեսակի հատուկ կապի համակարգի, պետական ծածկագրերի, դրանց վերլուծության մեթոդների ու միջոցների մասին.
դ) գաղտնի տեղեկատվության պաշտպանության մեթոդների ու միջոցների մասին.
ե) պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի ու միջոցների մասին:
Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել`
ա) քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները.
բ) տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առևտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները.
գ) քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկությունները.
դ) այն տեղեկությունները, որոնք եթե դասվեն պետական և ծառայողական գաղտնիքի շարքին, ապա բացասական ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական և ճյուղային ծրագրերի իրականացման վրա: