ՀՀ վերաքննիչ դատարանի 2019թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ բավարարվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019թ. սեպտեմբերի 9-ի որոշումը բեկանելու վերաբերյալ դատախազության բողոքը և մեղադրյալ Մ. Մարկոսյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի:
Հիշեցնենք, որ Մ. Մարկոսյանը 02.08.2019թ. Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկելով դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել էր այդ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ, դուրս բերել դեպքի վայրից ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ և Մ. Մարկոսյանը ձերբակալվել էր:
2019թ. օգոստոսի 5-ին նրան մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ հոդվածներով և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Մ. Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2 ամիս ժամկետով:
2019թ. օգոստոսի 14-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և նույն օրը ընդունվել վարույթ:
Ավելի ուշ Մ. Մարկոսյանի պաշտպանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, որը 2019թ. սեպտեմբերի 9-ի որոշմամբ բավարարվել էր՝ գրավի չափ սահմանելով 700.000 ՀՀ դրամը:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2019թ. սեպտեմբերի 18-ին հիշյալ որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, որն էլ այսօրվա որոշմամբ բավարարվել է։