Դատական կարգադրիչները նույնպես հավելավճար կստանան. նախագիծ

Ազգային Ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը ներկայացրել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով նախատեսվում է փոփոխել պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները և դրանց հաշվարկման կարգը:

Կոչման համար հավելավճարը կտրվի նաև դատական կարգադրիչներին, հարկային, մաքսային ծառայողներին:

Ընդ որում՝ հարկային և մաքսային ծառայողներին հավելավճարը տրվում է միայն առավել բարձր հավելավճար նախատեսող կոչման համար, իսկ նույն չափով հավելավճար նախատեսող կոչումների համար տրվելու է այդ կոչումներից միայն մեկի համար:

Տվյալ մարմնում ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:

Հեղինակը նշում է, որ օրենքում համապատասխան փոփոխությունները կատարելուց հետո կապահովվեն պետական ծառայողների վարձատրության սկզբունքների հիմնական պահանջները: 

Դատական կարգադրիչների ծառայության «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» ֆոնդը կավելանա ամսական 5 միլիոն 584 հազար դրամով, իսկ տարեկան կտրվածքով՝ 73 միլիոն 321 հազար դրամով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել