Ապարանից մի պատմություն`18 գլուխ խոշոր եղջերավոր անասունների հետ կապված

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայր` Ապարան) վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գարսևան Կարապետյանի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ոչ սթափ` ալկոհոլ օգտագործած վիճակում, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու նպատակով, 2012թ.-ի մայիսի 25-ին` ժամը 18-00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի հարակից տարածքում գտնվող հանդամասում կանգնեցրել է խոշոր եղջերավոր անասուններ տեղափոխող ավտոմեքենաները, և ընկերության աշխատակից Ս. Ամրակյանից և վարորդներից պահանջել է բեռնատարների մեջ բարձված 18 գլուխ խոշոր եղջերավոր անասունները հանձնել իրեն:

 

Դեպքի վայր ժամանած ընկերության տնօրեն Ս. Սողոմոնյանը պարզաբանել է, որ տեղափոխվող անասունները պատկանում են իրեն և առաջարկել է հեռանալ, սակայն Գ. Կարապետյանը, շարունակելով ուրիշի գույքի բացահայտ հափշտակությանն ուղղված իր հանցավոր գործողությունները, հայհոյանքներ է տվել Ս. Սողոմոնյանի հասցեին, քաշքշել, ապա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, փայտով հարվածել է նրա ոտքերին, մեքենաները վնասելու սպառնալիքներ տվել, որից հետո, երբ Ս. Ամրակյանը և Ս. Սողոմոնյանը հեռացել են դեպքի վայրից, Գ. Կարապետյանը իր վարած ավտոմեքենայով հետապնդել է Ս. Ամրակյանին, ապա ետ վերադառնալով` սկսել է խոչընդոտել դեպքի վայրից հեռացած երկու բեռնատարների երթևեկությունը` փակելով նրանց ճանապարհը, կանգնեցրել ավտոմեքենաները, իր պահանջով ավտոմեքենաները տեղափոխել «Ղոթուր» կոչվող հանդամասում գտնվող բացօթյա անասնագոմի մոտ, որտեղ դրանց միջից իջեցրել է 18 գլուխ խոշոր եղջերավոր անասունները և դրանք պահել իր բացօթյա անասնագոմում` այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափի` շուրջ 13.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:

 

Այնուհետև, նույն օրը`ժամը 19-00-ի սահմաններում Ս. Ամրակյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀՈ Աշտարակի բաժնի աշխատակիցները, ովքեր, տեղեկանալով կատարվածի մասին, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Գ. Կարապետյանին հրավիրել են ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին, սակայն վերջինս սկսել է դիմադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներին, վիճաբանել և հայհոյանքներ է տվել, չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, խոչընդոտել է նրանց օրինական գործողությունների կատարմանը, ապա դեպքի վայրից վերցրած բահով կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ անելով ոստիկաններին` պահանջել է չմոտենալ և շուրջ 30 րոպե իր այդ գործողություններով թույլ չի տվել ոստիկանության աշխատակիցներին իրեն բերման ենթարկել: Ոստիկանության աշխատակիցների ահազանգով դեպքի վայր են ժամանել լրացուցիչ ուժեր, և միայն միասնական ուժերով Գ. Կարապետյանին ձեռնաշղթաներ հագցնելուց հետո ոստիկանության աշխատակիցները կարողացել են բերման ենթարկել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել