Ինչպե՞ս և ո՞վ կարող է փոխել ՀՀ պետական դրոշը

Յուրաքանչյուր պետություն ունի դրոշ, որն իր մեջ կրում է յուրօրինակ և միայն կոնկրետ պետությանը հատուկ խորհուրդ:

 

 

Հայաստանի Հանրապետության դրոշը նույնպես Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

 

 

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասարշերտերով:

 

 

Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման,քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար:

 

 

Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո:

 

 

Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:

 

Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի:

 

Հայաստանի Հանրապետության դրոշի վերը նշված ձևը սահմանվել է օրենքով, որն ընդունվել է 15.06.2006թ. Ազգային ժողովի կողմից:

Հայաստանի Հանրապետությունն այլ երկրներում ճանաչվում է առաջին հերթին հենց իր խորհրդանիշերի միջոցով և առաջին հերթին` դրոշի:

 

Այժմ մի շարք մասնավար կազմակերպություններ հանդես են գալիս առաջարկով` փոխել գործող ՀՀ պետական դրոշը, և օրերս համացանցում տեղադրել են դրոշի իրենց նախագիծ-առաջարկը:

 

Նման պայմաններում, իրավաչափորեն հարց է առաջանում` արդյո՞ք մասնավոր ընկերությունը կամ ընկերությունները կարող են նման առաջարկությամբ հանդես գալ, և ի՞նչ կերպ իրականում կարող է փոխվել ՀՀ պետական դրոշը:

 

Ինչպես արդեն նշվեց, ՀՀ ներկայիս դրոշի ձևը` գույնը, չափը, սահմանվել են «Դրոշի մասին » ՀՀ օրենքով:

 

Պարզելու համար, թե ովքեր են իրավասու փոփոխել օրենքը և դրա հիման վրա էլ` տվյալ դեպքում ՀՀ պետական խորհրդանիշ համարվող դրոշը, նախ պարզենք, թե Հայաստանի Հանրապետությունում որ մարմինն է ընդունում օրենքներ և ինչ ընթացակարգով:

 

Ինչպես գիտենք, օրենք ընդունելու իրավասությունը մեր երկրում վերապահված է օրենսդիր մարմնին` Ազգային ժողովին:

 

ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի համաձայն` օրենքները ընդունվում են նիստին ներկա պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

 

Իսկ ովքե՞ր իրավունք ունեն հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

 

Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին և կառավարությանը:

 

Օրենսդրական նախաձեռնության իրավունքն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանն օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ:

 

Օրենքի նախագծերի փաթեթը ներառում է՝

 

ա) առաջադրվող օրենքի նախագիծը.

 

բ) օրենքի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծեր:

Իսկ կարո՞ղ են արդյոք ֆիզիկական և իրավաբանական անձինք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

 

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց նախաձեռնությամբ իրավունք ունեն մշակել և համապատասխան իրավաստեղծ մարմինների ներկայացնել նորմատիվ իրավական ակտերի նախագծեր:

 

Իրավաբանական և ֆիզիկական անձանց մշակած օրենքների ու Հայաստանի Հանրապետության ԱԺ որոշումների նախագծերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` ներկայացվում են օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող անձանց կամ մարմինների:

 

Իրավաբանական և ֆիզիկական անձանց նախաձեռնությամբ մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակողներն իրավունք ունեն մասնակցել նախագծերի քննարկումներին:

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտի նախագծի հեղինակները կարող են մասնակցել համապատասխան նախագծերի քննարկմանը Հայաստանի Հանրապետության Ազգայինժողովի կանոնակարգով սահմանված կարգով:

 

Պետք է նկատի ունենալ նաև, որ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ: Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը 10-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին, որն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն, կամ առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով:

 

Ինչպես տեսնում ենք, օրենքի ընդունումը այնքան էլ հեշտ գործընթաց չէ, և այն փոխելը նույնպես, իսկ ինչ վերաբերում է մասնավոր կազմակերպություններին, ապա վերջիններս իրավունք ունեն միայն մշակել և համապատասխան իրավաստեղծ մարմինների ներկայացնել նորմատիվ իրավական ակտերի նախագծեր:

 

Իրավաբանական և ֆիզիկական անձանց մշակած օրենքների ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովիորոշումների նախագծերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, ներկայացվում են օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող անձանց կամ մարմինների:

 

Հ.Գ. Մասնավոր կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, եթե գտնում են, որ ՀՀ գործող պետական դրոշը պետք է փոխել, նախ պետք է հիմնավորեն նշվածը և նման առաջարկությունը ներկայացնեն իրավասու մարմիններին, այլ ոչ թե տեղադրեն համացանցում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել