Միտքն ու քննարկումները 5 տարի առաջ ծնեցին զավակ: Նա արդեն 5 տարեկան է: Վարչական դատարանի 5-ամյակի կապակցությամբ այսպես արտահայտվեց Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդը:
Այսօր՝ հունվարի 21-ին, Վարչական դատարանն ու Դատական դեպարտամենտը կազմակերպել էին Վարչական դատարանի 5-ամյակին նվիրված գիտաժողով: Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Նրա խոսքով՝ վարչական դատարանի ստեղծումը մեծ քայլ էր դեպի ինտեգրում եվրոպական իրավական մշակույթին: «2012 թվականի Վարչական դատարանը ստացել է 20.000 –ից ավելի դիմումներ, 120. 000-ից ավելի վճարման կարգադրություններ: Դատարանը կայացավ և զբաղեցրեց իր առանձնահատուկ դերը դատարանների համակարգում»,- կարծում է Արման Մկրտումյանը:
Վերջինս Վարչական դատարանի կայացման գործում ունեցած դերի համար շնորհակալություն հայտնեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, նախկին նախարար Դավիթ Հարությունյանին, Վարչական դատարանի նախկին և ներկա դատավորներն ու դատարանների նախագահներին, Գերմանիայի իրենց գործընկերներին՝ GIZ-ին և այլոց:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ 5 տարին բավականին երկար ժամանակ էր հասկանալու համար, որ Վարչական դատարանի ստեղծումն անհրաժեշտ էր. այն տվել է սպասված արդյունքները, բայց բոլոր խնդիրները լուծված չեն: Նախարարը կարևոր համարեց ՀՀ «Վարչական դատավարության» նոր օրենսգրքի շրջանառության մեջ լինելու հանգամանքը:
Գիտաժողովի ժամանակ ելույթ ունեցան նաև Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Հեսեն երկրամասի գերագույն վարչական դատարանի պաշտոնաթող նախագահ Վոլֆգանգ Ռայմերսը: Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ Վարչական իրավունքի դասագրքի շնորհանդեսը:
Ի դեպ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ևս կարևորեց Վարչական դատարանի դերը, սակայն արդարացիորեն նկատեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի ամբողջությամբ չգործելու պարագայում հնարավոր չէ ակնկալել վարչական գործերով ամբողջական, լիակատար արդարադատություն:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net