Նախագիծ` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի վերաբերյալ

Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը 19.03.2012թ. ընդունվել է առաջին ընթերցմամբ:

 

Նշված նախագծով նախատեսվում է, որ պետական կառավարման մարմինները և Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ունենան ինտերնետային կայք էջ, որտեղ տեղադրվում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները (օրինակ` հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները, բյուջեն, գրավոր հարցումների ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները, հաստիքացուցակները, ինչպես նաև պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները, աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը, շրջակա միջավայրի վրա ներգործությունը, հասարակական միջոցառումների ծրագրերը, քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը և այլ տեղեկություններ), ինչպես նաև բյուջետային և արտաբյուջետային միջոցների մուտքերի և կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկություններ` ըստ ուղղությունների:

 

Բյուջետային և արտաբյուջետային միջոցների մուտքերի և կատարված ծախսերի հրապարակայնության վերաբերյալ վերը նշված դրույթը չի տարածվում Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության վրա:

 

 

Տեղեկատվությունը պետք է տեղադրվի կատարված բյուջետային և արտաբյուջետային միջոցների մուտքերի և ծախսերի գործարքների կատարումից ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում:

 

 

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բյուջետային միջոցների ծախսման գործընթացի և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել