«…Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս` խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց:…»:
Հատված Հիպոկրատի երդումից
Երդման տեքստի հեղինակը հույն բժիշկ, բժշկագիտության հայր Հիպոկրատն է: Հիպոկրատի երդումը բարոյական սկզբունքների ամբողջություն է, որով երդվում են բոլոր բժիշկները` բժշկական գործունեությունը սկսելուց առաջ:
Ցավոք, մեր օրերում ոչ բոլոր բժիշկներն են հավատարիմ մնում իրենց տված երդմանը, ավելին, Հիպոկրատի երդումը պահում են միայն բարոյական բարձր արժեքներ ունեցող բժիշկներ:
Իսկ ի՞նչ ասել այն բժշկի մասին, ում մասնագիտական անփութության արդյունքում մարդկային կորուստներ են գրանցվում, ավելին, անտարբերության մատնված մանկահասակ երեխաներ մահանում:
Ահա նման՝ մահվան ելքով մի քանի դեպք է գրանցվել 2010-2011թթ. ընթացքում Արմավիրի բժշկական կենտրոնում 62 ամյա բժշկի անփութության արդյունքում: Բժիշկը՝ Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նշան Վաղարշակի Գևորգյանն է:
2010թ. հուլիսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում, «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նշան Վաղարշակի Գևորգյանը, իմանալով նույն օրը, ժամը 17:05-ին Արմավիր ԲԿ ընդունված մանկահասակ հիվանդ Հ.Հովհաննիսյանի առողջական վիճակի վատացման մասին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն անթույլատրելի կերպով հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Հ.Հովհաննիսյանը մահացել է:
Որպես պաշտոնատար անձ, Նշան Գևորգյանը, շարունակելով ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները կատարել ոչ պատշաճ, ընկերության շտապ օգնության ծառայության աշխատանքները ճիշտ չի կազմակերպել (ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել), ինչի արդյունքում 2010թ. դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը շտապ օգնության ծառայության հերթապահ բրիգադան, բենզին չունենալու պատճառաբանությամբ, Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Վ.Խլղաթյանի հարազատների ժամը 00:46-ի հեռախոսականչով, հիվանդ Վ.Խլղաթյանի առողջական վիճակին սպառնացող վտանգի պարագայում նրան չի այցելել և շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել, ինչի հետևանքով հիվանդը մահացել է:
Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենն ի պաշտոնե անփույթ վերաբերմունքի դրսևորմամբ` բժշկական կենտրոնի աշխատակիցների պահանջների պայմաններում, բժշկական կենտրոնին չի ապահովել մանկական լարինգոսկոպով և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով: Արդյունքում, 2011թ. հունվարի 1-ին, Արմավիրի ԲԿ մանկական բաժանմունք ընդունված մանկահասակ հիվանդ Ա.Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բուժ.օգնություն ցուցաբերելու լիարժեք հնարավորություն չեն ունեցել, որը ևս որպես Ն.Գևորգյանի կողմից թույլ տրված կազմակերպչական բնույթի թերություն անզգուշորեն առաջացրել է հիվանդի մահ:
Նշան Վաղարշակի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի միաժամանակ մի քանի հոդվածների՝ 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը ծիկամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասի, 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի հատկանիշներով:
Նշան Գևորգյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Սույն քրեական գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net