Քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն գործարքները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշվածների, նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:
2. Վեցից մինչև տասնչորս տարեկան փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կնքել`
- մանր կենցաղային գործարքներ.
- նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ.
- օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքներ:
3. Փոքրահասակի գործարքներով` ներառյալ նրա կողմից ինքնուրույն կնքված գործարքները, գույքային պատասխանատվություն են կրում նրա ծնողները, որդեգրողները կամ խնամակալը, եթե չապացուցեն, որ պարտավորությունն իրենց մեղքով չի խախտվել: Այդ անձինք, օրենքին համապատասխան, պատասխանատվություն են կրում նաև փոքրահասակի պատճառած վնասի համար:
14-ից մինչև 18 տարեկանների գործունակությունն ըստ նույն օրենսգրքի 30-րդ հոդվածի սահմանվում է՝
1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված գործարքների:
Այդպիսի անչափահասի կնքած գործարքը վավեր է նաև նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի` հետագայում տված գրավոր հավանության դեպքում:
2. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները, առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իրավունք ունեն`
- տնօրինել իրենց աշխատավարձը, կրթաթոշակը և այլ եկամուտները.
- իրականացնել գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության, գյուտի կամ մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքի հեղինակի իրավունքներ.
- օրենքին համապատասխան` ավանդներ մուծել վարկային հաստատություններ և տնօրինել դրանք.
- կնքել կենցաղային մանր գործարքներ և սույն օրենսգրքի 29 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ գործարքներ:
Տասնվեց տարեկան դառնալիս` անչափահասներն իրավունք ունեն նաև, կոոպերատիվների մասին օրենքներին համապատասխան, լինել կոոպերատիվի անդամ:
3. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ինքնուրույն գույքային պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կնքված իրենց գործարքներով: Այդպիսի անչափահասներն իրենց պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում սույն օրենսգրքին համապատասխան:
4. Ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է բավարար հիմքերի առկայության դեպքում սահմանափակել տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի` իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը կամ զրկել նրան այդ իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահասը լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերել սույն օրենսգրքի 24 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան: