ՀՊՏՀ ուսանողներն ու շահառուները հայտարարում են, նշելով՝
«ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը չգիտի, որ հոդվածները գիտական աշխատանք են, և չի պատկերացնում, թե ինչ ցուցանիշ է օրիգինալության աստիճանը.
Արտագրության տասնյակ դեպքերի բացահայտմանն ի պատասխան ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանն այսօր նշեց, որ չի պատրաստվում պատերազմել ուսանողների հետ: Հարգելի տիկին Գալոյան, ուսանողները նշել էին, որ որևէ կերպ չեն ուզում վնասել Ձեզ և Ձեր հեղինակությանը: Դուք մեր բացահայտումը որակել եք՝ որպես Ձեզ ուղղված մեղադրանք, մինչդեռ մենք հստակ արտահայտել ենք, որ ուզում ենք ցույց տալ խնդրի համակարգային բնույթը, որի համար միայն մեկ մարդ չպետք է տուժի: Մենք անընդունելի և ռեկտորին ոչ հարիր ենք համարում ուսանողների հետ պատերազմելու կամ չպատերազմելու Ձեր միտքը: Մեր ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի շուրթերից նման արտահայտություն դժվարանում ենք նույնիսկ պատկերացնել:
Տիկին Գալոյանը նշում է, որ բացահայտված փաստերը կապված են ոչ թե գիտական աշխատանքի, այլ հոդվածների հետ: Հարգելի տիկին Գալոյան, Դուք իրո՞ք կարծում եք, որ գիտական հոդվածները գիտական աշխատանք չեն: Ձեր հոդվածներն ամփոփում են Ձեր գիտական արդյունքները: Դուք ներկայացնում եք հոդվածներ պրոֆեսորի կոչում ստանալու համար: Կասկածի տակ է դրվում Ձեր գիտական աստիճանը, թե կոչումը՝ էական չէ:
Տիկին Գալոյանը նշում է, որ գտնվածն արտագրություն չէ, քանի որ ինքն ունի հարդ-քոփիներ, որտեղից որ դրանք գրել է: Տիկին Գալոյան, մենք հրապարակային ներողություն ենք խնդրում: Մենք սխալ էինք. Դուք արտագրել եք ոչ թե մկնիկի չորս հարվածով, այլ բավական շատ տանջվելով հարդ-քոփիից:
Տիկին Գալոյանը բացարձակապես չի պատկերացնում, թե ինչ է օրիգինալության աստիճանը կամ էլ փորձում է թյուրիմացության մեջ գցել բոլորին: Օրիգինալության աստիճանը (originality report) հոդվածի արտագրած և չարտագրած մասերի հարաբերակցությունը կամ սեփական ջանքերով շարադրածի մասնաբաժինը չէ: Եթե օրիգինալության աստիճանը 95 տոկոս է, դա չի նշանակում, որ միայն 5 տոկոսն է վերցված ուրիշ հեղինակներից: Դա միայն նշանակում է, որ 5 տոկոսը մեջբերված է և տրված է պատշաճ հղում: Եթե մենք գտել ենք երեք էջանոց հոդվածում մի ամբողջ արտագրված էջ, ապա այդ հոդվածում գրագողությունը առնվազն 33 տոկոս է: Այդ նույն հոդվածի օրիգինալության աստիճանը, եթե պատշաճ հղումներ տրված չեն, կարող է լինել նույնիսկ հարյուր տոկոս:
Մենք, ՀՊՏՀ ուսանողներս, տիկին Գալոյանի արձագանքից դրդված հարկ ենք համարում նշել մեր կողմից կարևորվող մի քանի հանգամանք: Նախ՝ Ռուբեն Հայրապետյանը միանգամից ազնվորեն ընդունել է, որ իր ատենախոսության մեջ առկա են խնդիրներ, մինչդեռ տիկին Գալոյանը (ուշադրություն, պարոն Սմբատ Գոգյան) պնդում է, որ մածունը սև է: Բացի այդ՝ պարոն Հայրապետյանի ատենախոսության խնդիրները բարձրաձայնում էին մի խումբ դասախոսներ, ովքեր ունեին սեփական զբաղվածությունն ապահովելու խնդիր, մինչդեռ տիկին Գալոյանի ատենախոսության խնդիրները բարձրաձայնում ենք մենք՝ կրթության համար մեկ շահառուներս, հանուն որակյան կրթության մեր սահմանադրական իրավունքի:
Հ.Գ.: Հարգելի տիկին Գալոյան, Դուք նշել եք, որ դասախոսների բեռնվածությունները որոշված են. խնդրում ենք հրապարակել այն դասախոսների անունները, ովքեր դասավանդելու են 2019-2020 ուսումնական տարում:»
Լուսանկարը՝ ՀՊՏՀ ուսանողների