Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի հաստիքը թափուր է. պահանջներին համապատասխանող անձինք կարող են դիմել Արդարադատության նախարարություն:
Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:
Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:
Հիմնադրամի տնօրենը հանդիսանում է Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը՝ հաշվետու լինելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) և Խորհրդի նախագահին (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին): Հիմնադրամի տնօրենը ղեկավարում է Հիմնադրամը՝ Հիմնադրամի կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում՝ ելնելով Խորհրդի որոշումներից և Հիմնադրամի շահերից: Հիմնադրամի տնօրենի իրավասության ներքո ընդգրկված են Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր հարցերը:
Ներկայացվող պահանջները
1. Կրթություն
Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա բուհերում իրավագիտության մագիստրոսի որակավորում: Ընդ որում, վերը նշված որակավորման ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում պետք է իրականացված լինի օրենքով սահմանված կարգով: Իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի առկայությունը ցանկալի է:
2. Մասնագիտական փորձ
Առնվազն 4 տարվա մասնագիտական փորձ:
3. Օտար լեզվի իմացություն
Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:
Վարձատրությունը
Հիմնադրամի տնօրենի ամսական վարձատրությունը կազմում է 850 000 – 950 000 (ութ հարյուր հիսուն հազարից ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, որը ներառում է հարկերը և պարտադիր այլ վճարները:
Դիմելու ընթացակարգ և պայմաններ
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1. անձնագիր,
2.լուսանկար և կոնտակտային տվյալներ պարունակող ինքնակենսագրական (CV),
3. կրթությունը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր և այլն),
4.աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիր և այլն),
5. երաշխավորագիր (ցանկության դեպքում):
Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Subject» մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:
Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ:
Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում: