«Իմ քայլից» Էդգար Առաքելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը հայտարարել է անձնական պատճառներով մանդատից հրաժարվելու մասին։

Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ հատուկ շեշտելով, որ որոշումը դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որևէ այլ գործընթացի դեմ, թեև ժամանակային առումով գուցե համընկնում է դրանց հետ:

«Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ», – մասնավորապես, գրել է նա։

«Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, հատկապես` հարազատ, ում համար իմ այս քայլը հիասթափության կամ այլ բացասական զգացողությունների տեղիք կտա: Համոզված եմ, որ այս վաղ փուլում դա չանելու պարագայում զղջալու բազմաթիվ առիթներ են լինելու ապագայում` նորից պայմանավորված վերը նշված հանգամանքով․․․Սա որևէ կերպ քայլ չէ ընդդեմ «Իմ քայլ»-ի, որի մի մասնիկը լինելու պատիվն եմ ունեցել վերջին ամիսներին: Հայտնի ուժերին և նրանց խամաճիկներին խորհուրդ եմ տալիս անտեղի չոգևորվել, քանի որ դրա հիմքերը ուղղակի չկան», – նշել է Առաքելյանը: Պատգամավորը գրել է, որ ամենայն հավանականությամբ կվերադառնա ՏՏ ոլորտ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել