Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ոստիկանության մի շարք ծառայողների

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն  ընդունել է  Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին և ոստիկանության  ստորաբաժանումների մի շարք ծառայողների։

Հանդիպման ընթացքում  կարևորվել է երկու կառույցների միջև սերտ համագործակցությունը:

Քննչական կոմիտեի նախագահը  շեշտեց, որ բարձր է գնահատում  երկու կառույցների փոխգործակցությունը: Նա վստահեցրեց, որ Քննչական կոմիտեն ջանք չի խնայելու երկու կառույցների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և փոխգործակցության նոր նշաձող սահմանելու գործում:

«Հայաստանում հանցավորության  դեմ պայքարի ճանապարհին մենք շարունակելու ենք համատեղ աշխատանքները: Չնայած գործառույթային որոշակի տարբերություններին, քննիչներն ու ոստիկանները համատեղ են պայքարում հանցավորության դեմ՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ևս մեկ անգամ ընդգծեց երկու կառույցների սերտ գործակցության անհրաժեշտությունը:

«Հետաքննության և նախաքննության մարմինների համագործակցությունով մենք լուծում ենք այն մեծ խնդիրը, որը կոչվում է քրեական գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն»,- ասաց Արման Սարգսյանը:

Հանդիպման ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն, պատասխանատվությամբ կատարելու, մասնագիտական  բարձր պատասխանատվություն ցուցաբերելու՝ քրեական գործերով  հանցագործությունների բացահայտման և անհրաժեշտ  ապացույցներ ձեռք բերելու գործում ՀՀ քննչական կոմիտեի հետ ակտիվ համագործակցության համար  ոստիկանության  մի շարք ծառայողներ պարգևատրվել են  «Համագործակցության  համար» մեդալով, հուշանվերով և շնորհակալագրով:

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ օրինականության  ամրապնդման գործում անձնական ավանդ ներդնելու և ՀՀ ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու համար Քննչական կոմիտեի մի շարք ծառայողներ  պարգևատրվել են  «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, «Օրենքի պատվար» մեդալով, ոստիկանության պատվոգրով և «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» մեդալով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել