Սոցիալական փաթեթը աշխատողների և (կամ) նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիր է, որի նպատակն է պետական մարմիններում` կրթության, մշակույթի գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում նպաստել աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը, աշխատողների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը:
Սոցիալական փաթեթը չի հատկացվում (տարածվում)`
ա) կադրերի ռեզերվներում գտնվող անձանց,
բ) տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց (բացառությամբ հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց: Թվարկված անձանց վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է առանց նշված ժամանակահատվածի) (զինծառայողների դեպքում մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելը չի դիտարկվում մեկ այլ մարմնի տեղափոխություն, սակայն այդպես է դիտարկվում հանրապետական գործադիր մարմնի փոփոխությունը (օրինակ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը)` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական վարչությունից, հատուկ քննչական ծառայությունից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե ծառայողների միասնական տեղափոխման դեպքերի,
գ) կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց,
դ) հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց,
ե) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա: