Օգոստոսի 25-ին, ժամը 05:24-ին Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Հրդեհի հետևանքով 7 տուժածները տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը (ընհանուր 434 փրկարար): Քաղաքապետարանը տրամադրել է ջրատար ավտոմեքենաներ:
Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 16:31-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս հինգ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 8 տուժած:
Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս վեց մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակելու նպատակով ձևավորվել է 30 հոգուց կազմված փրկարարական-աշխատանքային խումբ: Խմբի անդամները մեկնել են դեպքի վայր: Դեպքի վայր է վերադարձել ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: