19.12.2012թ. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում նաև անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը:
Նշված օրենքի իմաստով անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն է համարվում անշարժ գույքի առքուվաճառքի և (կամ) վարձակալության հանձնման միջնորդական գործունեությունը:
Անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն համար արտոնագրային վճար վճարողները գործունեության արդյունքներից անկախ արտոնագրային վճարը հաշվարկում և վճարում են հետևյալ չափերով`
Երևան քաղաքում` 60 000,
մարզկենտրոններում` 50 000,
այլ քաղաքներում` 45 000,
այլ վայրերում` 40 000,
սահմանամերձ գյուղերում` 10 000 դրամ:
Վերոնշյալ «անկախ» եզրույթից հասկացվում է, որ իսկապես այդ գործունեության արդյունքներից անկախ, որը ենթադրում է այն, որ անկախ նրանից կազմակերպությունը աշխատում է շահույթով, թե վնասով, նա պետք է ՆԱԽՕՐՈՔ`մինչև գործունեություն սկսելը վճարի այդ գումարը:
«Կարծում եմ պետք չէ լինել մասնագետ, որպեսզի հասկանալ, որ այդ մոտեցումը առաջին հերթին հարվածում է այն կազմակերպություններին, ովքեր իրենց շրջանառության ծավալներով այդքան էլ մեծ չեն, իսկ ավելի կոնկրետ փոքր և միջին բիզնեսին»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Գրիգոր Առաքելյանի հաշվապության կենտրոնի տնօրեն Գրիգոր Առաքելյանը:
Նշենք նաև, որ անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալն է աշխատողների թիվը:
Միևնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար վերը սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը։ Անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնելու վայր է համարվում այն գրասենյակի գտնվելու վայրը, որտեղ կնքվում են անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությանը վերաբերող պայմանագրեր:
Վերոգրյալի կապակցությամբ, իսկապես, մեծ անհանգստություն և լարված իրավիճակ է առաջացել անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնողների շրջանակներում, քանի որ վերջիններս անհեթեթ են համարում այն մոտեցումը ըստ որի ելակետային տվյալներ պետք է համարվեն բոլոր աշխատողները:
Ստացվում է համապատասխան կազմակերպություններում աշխատող հեռախոսավարների, մաքրությունն ապահովող անձանց (հավաքարարների), վարորդների համար նույնպես պետք է վճարել վերոնշյալ գումարները, ինչն անտրամաբանական է և պատճառ է հանդիսանալու անկասկած աշխատողների զանգավածային ազատումների` իրենից բխող բոլոր բացասական հետևանքերով, բացի այդ օրենքում նշված արտոնագրային վճարի չափը չհիմնավորված բարձր է, որը փոքր և միջին ձեռնարկությունների համար անհնար է դարձնում հետագա աշխատանքը:
Անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնող անձանց հետևությունը ներկայացնենք ստորև:
Հետևություն Արտոնագրային վճարների վերոնշյալ փոփոխությունները կոնկրետ նպատակային հարված են լինելու փոքր և միջին կազմակերպություններին` արհեստականորեն ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ շուկայում, որը պատճառ կհանդիսանա այդ կազմակերպություններում աշխատատեղերի փակմանը, շուկայում մոնոպոլացման մակարդակի բարձրացմանը և նորանոր կոռուպցիոն ռիսկերի ստեղծմանը…
Ակամա հարց է ծագում. սա՞ էր այն ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ինչի մասին այդքան խոսվեց և գրվեց 2012 թվականին:
Աղբյուրը` Իրավաբան.net