Ծննդկանի  առողջության պահպանման համար միանվագ նպաստ կտրվի. նախագիծ

Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է ծննդկանի առողջության պահպանման համար՝ հավաստագրով սահմանված անվճար բժշկական հետազոտության միանվագ նպաստը տրամադրել:

«Հոդված 23.3  Ծննդկանի  առողջության պահպանման համար միանվագ նպաստի իրավունքը

1. Վարձու աշխատող, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված եւ չաշխատող կանանց՝ յուրաքանչյուր ծննդաբերությունից հետո պետական պատվերի շրջանակներում պարտադիր տրամադրվում  է հավաստագրով սահմանված անվճար բժշկական հետազոտության միանվագ նպաստ, որն իր մեջ ներառում է մայրական կաթի որակի, Ca  եւ D վիտամինների, արյան հետազոտությունները եւ  կրծքի սոնոգրաֆիա կամ մամոգրաֆիա:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հավաստագիրը տրամադրվում է մինչեւ յուրաքանչյուր ծննդաբերության հետծննդյան շրջանի ավարտը: Հավաստագիրն ուժի մեջ է մտնում հետծննդյան շրջանի ավարտի օրվան հաջորդող օրը եւ գործում է մեկ տարի  ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հավաստագրի տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը»:

Նախագծի հեղինակները նշել են, որ օրենքի լրացումը միանշանակ կնպաստի Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանը, ինչն էլ զգալի ազդեցություն կունենա դեմոգրաֆիական, բնակչության առողջության պահպանման խնդիրների լուծման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել