Համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց. սիբիրախտով վարակված կենդանին հայտնաբերվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ օրեր առաջ առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց:

«ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից հիվանդ կենդանին հայտնաբերվել էր, նմուշառում էր կատարվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Պարզվել էր, որ համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ հաստատվել է, որ կենդանին եղել է սիբիրախտով հիվանդ: Տեսչական մարմնի մասնագետները 34 ընտանիքից հավաքել են կենդանու միսը, սառնարաններում առկա այլ մթերքները, հայտնաբերվել է նաև կենդանու գլուխը և կաշին: Հավաքված մսեղիքը և մթերքները սահմանված կարգով անասնագերեզմանոցում այրվել են: Նշենք, որ կենդանու մոտ հիվանդությունն առաջացել է, քանի որ անասնատերը հրաժարվել է պատվաստումից: Գեղահովիտ համայնքում առկա մյուս բոլոր կենդանիները ջերմաչափվել են և գտնվում են մասնագետների վերահսկողության տակ, այլ դեպքեր չեն գրանցվել»,-ասվում է հայտարարության մեջ:

Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց: Ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք։

Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։

Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել