Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 22-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարների հավաքը և դրա շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը 2019 թ-ի սեպտեմբերի 24-27-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ`
1. ՀՀ արտաքին գործերի նախարարին և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝
- նախապատրաստել աշխատանքային հանդիպման անցկացման ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
- ապահովել հյուրերի դիմավորումը և ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում:
2. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝
- հյուրերին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը.
- հյուրերի սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ, ինչպես նաև տրամադրել ուղեկցող անձնակազմեր.
- ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
3. ՀՀ ոստիկանության պետին՝ տրամադրել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:
4. ՀՀ պետական արարողակարգի ծառայության պետին՝ ապահովել պատվիրակություններին դիմավորող և նրանց սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից)` համաձայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացրած հայտի:
5. ՀՀ ֆինանսների նախարարին՝ հյուրերի` ՀՀ գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, մշակութային ծրագրերի, աշխատանքային հանդիպման անցկացման հետ կապված և ներկայացուցչական ծախսերը՝ 41468000 դրամի սահմաններում, կատարել ՀՀ 2019 թ-ի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացրած հաշվետվությունների»: