Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զգուշացնում է բժիշկներին, բուժքույրերին, ինչպեսև բուժհաստատությունների տնօրեններին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Վերջերս ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը անդրադարձել է բուժաշխատողների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու և աշխատանքային օրենսդրությունը շրջանցելու արատավոր պրակտիկային և զգուշացրել էր մեր բժիշկներին և բուժքույրերին , որ նրանք կանգնելու են խնդիրների առաջ, երբ սկսվի հավաստագրման գործընթացը:

Բուժաշխատողներից ստացած մեծաթիվ արձագանքները և ահազանգերը, որ տնօրենները պարզապես պարտադրում են իրենց ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել` չթողնելով այլընտրանք, կրկին ապացուցեցին, որ այս խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում և մենք այս հարցում կանգնելու ենք բուժաշխատողների կողքին:

Այժմ եկել է տնօրեններին իրազեկելու և նախազգուշացնելու ժամանակը
Հարգելի տնօրեններ, ինչպես գիտեք բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում են գործունեության լիցենզավորվող տեսակներ: Կնքելով ծառայությունների մատուցման պայմանագիր այլ սուբյեկտների հետ, ձեր կազմակերպության լիցենզիայի ներքո բժշկական օգնության և սպասարկման իրականացումը դուք փաստացի պատվիրակում եք բուժաշխատողների, որոնք ֆիզիկական անձինք են և չունեն համապատասխան գործունեության տեսակի լիցենզիա (Հայաստանում ֆիզիկական անձինք չեն լիցենզավորվում): Դուք իրավասու չեք համապատասխան լիցենզիա չունեցող սուբյեկտին պատվիրել բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ և վճարել դրա համար: Սա լրջագույն իրավախախտում է, որը կհանգեցնի ընդհուպ մինչև ձեր կազմակերպության լիցենզիաների կասեցման:

Կոչ ենք անում բոլոր տնօրեններին, ամենասեղմ ժամկետներում, իրենց բուժաշխատողների հետ իրավահարաբերությունները տեղափոխել աշխատանքային օրենսդրության գործող կարգավորումների դաշտ, նրանց հետ կնքել բացառապես աշխատանքային պայմանագրեր և հարգել մեր երկրի օրենսդրությունը, այլապես ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իր լիազորությունների շրջանակներում կկիրառի վարչական ազդեցության ողջ գործիքակազմը, այս խնդիրը շտկելու նպատակով:
Սիրելի բուժաշխատողներ, եթե օրեր անց, ձեզ հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերը չեն փոխարինվի աշխատանքային պայմանագրերով, գրավոր դիմեք մեզ ([email protected]) կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով 010-65-03-05»:

Իրավաբան.net-ի արձագանքը՝ վերոնշյալ խնդրի վերաբերյալ, կարդացեք այստեղ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել