Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանելու անհրաժեշտությունից:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը, սակայն բացակայում են ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման հետ կապված իրավակարգավորումները:
Նախագծով առաջարկվում է սահմանել նորմ, որի համաձայն կառավարությունը կհաստատի ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը:
Նախատեսվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի «տեղադրման» բառից հետո լրացնել, «ինչպես նաև ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման» բառերը: