Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է սահմանել որոշակի բնակության վայր չունեցող աշխատող տարեցներին և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց իրենց վարձակալած բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցում հատկացնելու կարգը: Նախագծի ընդունման նպատակը տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, ինչը կնպաստի նրանց առողջ, ակտիվ, անկախ ապրելակերպի ապահովմանը և համայնքում սոցիալական ներառմանը: Սոցիալական աջակցության չափը և տրամադրման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը սույն օրենքի ընդունումից հետո:
Նախագծի ընդունման արդյունքում, կանխատեսվում է, որ առնվազն 30 խնամվող դուրս կգրվի տուն-ինտերնատներից և անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանից, կաշխատի, կվարի անկախ կյանք, ինչը երկուստեք արդյունավետ կլինի՝ թե պետության, և թե անձի համար: Բացի այն, որ տուն-ինտերնատից դուրս կգան և կապրեն լիարժեք կյանքով, կկանխարգելվի նաև նոր անձանց մուտքը խոշոր հաստատություններ:
Ժամանակավոր կացարաններում, խնամքի հաստատություններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն չունեցող միայնակ, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խնամող չունեցող և գրանցված աշխատանք ունեցող 65 տարին լրացած անձանց և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց վարձակալական հիմունքներով բնակվելու դեպքում` բնակելի տարածության վարձավճարի դիմաց կհատկացվի դրամական փոխհատուցում:
- Բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցման գումարի առավելագույն չափը սահմանել ամսական ոչ ավել, քան 100 000 դրամ:
- Հաստատել տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց բնակելի տարածության վարձավճարի դիմաց դրամական փոխհատուցման հատկացման կարգը` համաձայն հավելվածի:
- Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին: