Կսահմանվի մարդու կյանքին վտանգ սպառնացող էներգաարդյունավետ սարքերի ցանկը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր` օգոստոսի 15-ին, կառավարության նիստին կներկայացնի  մարդու կյանքին և շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը սահմանելու մասին որոշման նախագիծը:

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին»  օրենքի համաձայն, նախատեսվում է սահմանել մարդու կյանքին և (կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը:

Հաշվի առնելով այն, որ էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների մեջ էներգաարդյունավետության բարձր ցուցանիշների ստացման նպատակով օգտագործվում են վտանգավոր նյութեր, անհրաժեշտություն է առաջացել ապահովել դրանց հետևելիությունը՝ հստակ սահմանելով այդ սարքերի և սարքվածքների ցանկը`

  1. Հեռուստացույց (որը պարունակում է սնդիկի և կապարի պարունակությամբ բաղադրանյութեր)
  2. Սառնարան/սառցարան, սառցարան (որոնք պարունակում են օզոնային շերտը քայքայող նյութեր, այդ թվում՝ խառնուրդներ, ինչպես նաև հիդրոֆտորածխածիններ)
  3. Օդորակիչներ ու օդակարգավորման այլ սարքավորումներ (որոնք պարունակում են օզոնային շերտը քայքայող նյութեր, այդ թվում՝ խառնուրդներ, ինչպես նաև հիդրոֆտորածխածիններ)
  4. Վոլֆրամային հալոգենային լամպեր
  5. Լյումինեսցենտային երկցոկոլ և միացոկոլ կոմպակտ (ԿԼԼ) լամպեր
  6. Սնդիկի պարունակությամբ գազապարպման էլեկտրական լամպեր
  7. Բարձր և ցածր ճնշման նատրիումային գազապարպման լամպեր
  8. Հալոիդներ և այլ գազեր պարունակող գազապարպման լամպեր:

Ակնկալվում է, որ նախագծով կսահմանվեն առավել տարածված, վտանգավոր նյութեր պարունակող էներգաարդյունավետ սարքավորումներ և կլինի ցանկում ներառված արտադրանքի նկատմամբ համապատասխան աշխատակարգի ընդունում:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել